ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով՝ Սուսաննա Գզոգյանը նշանակել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, Լենդրուշ Հովհաննիսյանը՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Այսմասին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Մարտի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Սուսաննա Գզոգյանին ներկայացրել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին:

 

Նույն օրը Արման Մկրտումյանը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Լենդրուշ Հովհաննիսյանին:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ընդգծելով նորանշանակ դատավորների մասնագիտական գիտելիքները, պատրաստվածությունն ու մարդկային բարձր որակները, հույս է հայտնել, որ շնորհիվ այդ հատկանիշների՝ նրանք մեծ պատասխանատվությամբ կմոտենան որպես դատավոր իրենց առաքելության պատշաճ իրականացմանը:

 

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի: