ՌԴ Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները մարտի 26-ից սկսել են աշխատել ամառային չվացուցակով, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը: Նախատեսվում է, որ այդ ժամանակահատվածում օդանավակայանները նոր միջազգային չվերթներ կսպասարկեն Հայաստանից, Վրաստանից, Իսրայելից, Մոլդովայից և Թուրքիայից: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Կուբան քաղաքի 4 օդանավակայանների կառավարիչ «Բազել Աէրո» ընկերությունը:
Ըստ աղբյուրի, Կրասնոդարից առաջին անգամ հնարավոր կլինի մեկնել Գյումրի, Քիշնև, Ստամբուլ և Դալաման: Սոչին 60 ուղղություն կընդունի, Անապան՝ 47:
ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ քաղավիացիան ներկա պահին նման հայտ դեռևս չի ստացել:
«Ներկա պահին Գյումրու օդանավակայանում թռիչքներ է իրականացնում միայն «Պոբեդա» ավիաընկերությունը, իսկ ապրիլից ավիափոխադրումներ կիրականացնի «Տարոն-Ավիան»,- նշեց Սաթենիկ Հովհաննիսյանը: