Այսօր Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ պայմանագրային զինծառայողը Երևանից էր, սակայն պատերազմից հետո ապրել են Արցախում։ Գոռը սպա էր, իսկ իր հայրը՝ ազատամարտիկ։ Ի դեպ՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Շունչը» ֆիլմի գլխավոր դերակատարը հենց Գոռի եղբայրն է, ով ևս ծառայում է բանակում, ժամկետային զինծառայող է։
Արշակ Զաքարյանը Գոռին բնութագրում է որպես անվախ, «թուրքից» չվախեցող սպայի։ Նա իր ֆեյսբուքյան էջում Գոռի մասին գրառում է արել և սահմանին կանգնած զինվորներին հորդորել՝ ավելորդ ռիսկերի չգնալ․ «Սահմանին զոհված Գոռը ինձ հարազատ մարդ է, ցավակցում եմ ծնողներին և բոլոր հարազատներին։ Տղերք ջան, աղաչում եմ ավելորդ ռիսկերի մի գնացեք, ձեր դուխին մատաղ, ձեր դուխը դրսևորեք մի այլ կերպ, ախր ինչ անեմ, ո՞նց անեմ, որ ամեն րոպե ամեն վայրկյան հիշեք որ դիմացներս ով է կանգնած, որ գնդակը հերոսին, քաջին, անվախին չի տարբերում վախկոտից ու անխելքից, որ ձեր ծնողների ու հարազատների սիրտը չի սփոփվի եթե նույնիսկ 100-ապատիկը սատկացնենք էդ վիժվածքներից... Սիրտս ցավում է ոչ ավել ոչ պակաս մնացած մեր ընկերների զոհվելու լուրը ստանալուց, բայց սիրտս պայթում է որ մի քանի օր առաջ , քեզ հատուկ զգուշացրել էի որ ավելորդ ռիսկերի չգնաս: Գոռ, Գոռ, ի՞նչ արիր Գոռ...»։