Ժամը 20։00-ի դրությամբ ՀՀ բոլոր` 2009 ընտրական տեղամասերը փակվեցին։ Հանձնաժողովի անդամները սկսում եմ ձայների հաշվարկը։ Հանրապետական կուսակցության շտաբի պետ Արմեն Աշոտյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ անկախ ամեն ինչից այսօր միասին արձանագրում են համազգային, համապետական հաղթանակ:
Նրա խոսքով՝ այս ընտրությունները հաղթանակ էին հասարակության և բոլոր քաղաքական ուժերի համար: Աշոտյանը կարևորեց քվեարկության նոր մեխանիզմի ներդրումը։ «Ընտրությունների ընթացքը, քարոզարշավը ցույց տվեցին, որ սահմանադրական բարեփոխումներով ավելի ժողովրդավար Հայաստան կառուցելու մեր ցանկությունը կյանքի է կոչվում։ Մենք կարողացանք վերջ դնել այնպիսի ընտրախախտումներին, ինչպիսին են կարուսելը, ուրիշի փոխարեն քվեարկելը, կրկնաքվեարկությունը և այլն։ Մենք ունենալու ենք ավելի ժողովրդավար, ավելի ուժեղ երկիր։ Արձանագրենք այս հաղթանակը մեր երկրի համար»,- ասաց Աշոտյանը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցել են, անկախ նրանից, ում են ընտրել, շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին։
Նա վստահեցրեց, որ ձայների հաշվարկը կասնցնի նույնքան թափանցիկ ու արժանահավատ, ինչպես եղել է բուն ընտրարշավն ու ընտրությունը։ «Ընտրության ընթացքում բոլոր քաղաքական ուժերը դրսևորել են զսպվածություն։ Մենք հարգեցինք նաև մեր զոհված տղաների հիշատակը»։
Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ կենտրոնական շտաբում սկսվել են ընտրությունների ամփոփման աշխատանքները։ Շտաբում են Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, ԳՄ բազմաթիվ անդամներ, համակիրներ, աշխատակիցներ և այլք։