Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է 2016 թվականի տարեկան հաղորդումը և կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է պաշտպանի զեկույցի կարևորագույն և հասարակական հնչեղություն ունեցող հացերի վերաբերյալ տրված գնահատականները: Թաթոյանն իր հաղորդման մեջ անդրադարձ է կատարել խաղաղ հավաքների անցկացման իրավունքին և դրա օրենսդրական կարգավորմանը: Այդ պարբերության մեջ օմբուդսմանը հպանցիկ խոսել է 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների՝ ՊՊԾ գնդի գրավման մասին:
«2016 թվականի հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մի խումբ զինված անձանց կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ: Հավաքների ընթացքում նաև տեղի ունեցան հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներ: Այդ խախտումները կապված էին առանց հիմքերի պարզաբանման Ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու, հավաքի ընթացքում հատուկ միջոցներ օգտագործելու ու ցուցարարներին վնաս պատճառելու հետ և այլն»,- ասված է պաշտպանի զեկույցում:
Ի դեպ՝ Արման Թաթոյանը լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ նշում էր, որ իր տարեկան արտահերթ զեկույցում ՊՊԾ գնդի գրավման դեպքին համապարփակ անդրադարձ կլինի: Հավանաբար այդ պատճառով է, որ այս հաղորդման մեջ մանրամասն անդրադարձ չկա այդ հարցին: Ընդ որում, զեկույցում մանրամասն ներկայացված են բոլոր հավաքները՝ ըստ օրերի: Նկարագրված են նաև հավաքներին Ոստիկանության ծառայողների ու հավաքների մասնակիցների գործողությունները: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2016 թվականին արձանագրել են այնպիսի իրավիճակներ, երբ հավաքների ազատության իրավունքը սահմանափակվել է միաժամանակ միևնույն վայրում մի քանի հավաք իրականացվելու պատճառով:
Դեպքերից մեկով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներին չեն թույլատրել մոտենալ հավաքի անցկացման համար նախատեսված վայր՝ պատճառաբանելով, որ այդ վայրում մի քանի հավաք է անցկացվում: Այսպիսի դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորումներ նախատեսված չեն: Միաժամանակյա հավաքներ հաճախ տեղի են ունենում այն դեպքերում, երբ հավաքի անցկացումը նախապես իրազեկում չի պահանջում (մինչև 100 մասնակից ուենցող, ինքնաբուխ և շտապ հավաքներ):
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացումներ՝ ամրագրելով կարգավորումներ նաև միաժամանակյա հավաքների անցկացման վերաբերյալ: