ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, խոսելով կայացած խորհրդարանական ընտրությունների և ստացված արդյունքների մասին, նշեց, որ ընտրությունների ընթացքում ընտրողների կամարտահայտությունն ազատ չէր, և հետևաբար, այն արդյունքները, որոնք մենք տեսնում ենք, օրենքով արգելված գործոնների հետևանք են ընդամենը. «Սա ընտրություն անվանել չի կարելի համարել, որովհետև մարդիկ վախենում են իրենց քվեն հասցնել քվեատուփ: Այս պարագայում՝ էլ ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք գնալ»:
Ստյոպա Սաֆարյանը խոսեց նաև այս օրերին անընդհատ խոսվող հետընտրական զարգացումների մասին, նշելով, որ, եթե մարդիկ վախենում են իրենց քվեն տեղ հասցնել, և այդ մարդկանց թիվը կազմում է 70-80 տոկոս, ապա ինքն ո՞ւմ հետ գնա հետընտրական զարգացումների:
Ըստ մեր զրուցակցի՝ սխալ են տարածվող այն տեսակետները, որ ՀՀԿ-ին հաջողվեց հավաքել մեծ թվով ձայներ վարչապետ Կարեն Կարապետյանի ակտիվ դերակատարման շնորհիվ. «Փո՛ղ, միայն փող, ի՞նչ Կարեն Կարապետյան, նրա գեղեցիկ դեմքը ֆասադ է եղել ընդամենը: Վարչապետն ի՞նչ կապ ուներ, երբ մարդիկ ընտրում էին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներին»:
Ստացված պատկերն արդյո՞ք չի գալիս ապացուցելու, որ ընդդմությունը չկարողացավ հասարակության գիտակցության մեջ արմատավորել մի բան, որ պետք չէ կաշառք վերցնել, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Այո՛, ընդդիմությունն այնքան սխալներ է թույլ տվել, որ պետք է նշեմ, որ ստացված պատկերը նաև ընդդիմադիր հատվածի սխալների հետևանքն էր: Մինչ ընդդիմությունն աշխատում էր այլ ուղղությամբ, ՀՀԿ-ն կոնկրետ հարցեր էր լուծում, որի հետևանքով ունեցանք այն, ինչն ունեցանք: Անմեղսունակ կոչեր էին հնչում ընդդիմադիրների կողմից, թե՝ կաշառք վերցեք, բայց մի՛ ընտրեք կաշառք տվողին: Ընդդիմադիր գործիչների այս կոչերը լեգիտիմացրեցին ընտրակաշառքի մեխանիզմը: Մյուս կողմից՝ հաշվի առնելով ՌԴ ազդեցությունը մեր երկրում, ընտրություններից առաջ ակտիվորեն քարոզվում էր մեզ ձայն չտալ, քանի որ արդեն որոշել էին, որ չենք անցնելու: Մանիպուլյացիայի ենթարկեցին հանրային կարծիքը, որովհետև ցանկանում էին շարունակել ՀՀ գաղութացման գործընթացը»:
Հարցին՝ արդյո՞ք այդ գաղութացման համատեքստում պետք է դիտարկել լուրն այն մասին, որ Տաշիր ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը կդառնա ԱԺ նախագահ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Սա ռուսական կապիտալի մուտքն է Հայաստան: Ընդամենը: Ռուսաստանը ներխուժում է Հայաստան և այդ մասին ավելի վաղ էլ եմ ասել: Իհա՛րկե, սա միայն ու միայն այդ երկրի կողմից Հայաստանի գաղութացման ևս մեկ օրինակ է»:
Աղավնի Սուքիասյան