Աղասի Արաբյանի կարծիքով՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքը դրական առումով մի քանի անգամ գերազանցել է Աբխազիայի, Օսեթիայի և այլ երկրների ընտրություններին: Չհաշված մի քանի կազմակերպչական խնդիրներ՝ ընտրություններն անցել են բավականին լավ: Այս մասին ապրիլի 5-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահ, խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդ Աղասի Արաբյանը:
«Դիտորդական առաքելություն եմ իրականացրել Երևան քաղաքում: Ընտրական գործընթացը բավականին լավ էր կազմակերպված: Չէի պատկերանում, որ մարդիկ այդչափ ակտիվորեն կգան քվեարկության, հերթեր էին գոյացել: Դիտորդական առաքելություն իրականացրել եմ նաև այլ երկրներում՝ Աբխազիայում, Օսեթիայում: Հայաստանի ընտրությունների ընթացքի պատշաճությունը մի քանի անգամ գերազանցում է այդ երկրներին»,- ասաց Աղասի Արաբյանը:
Միջազգային դիտորդի խոսքով՝ թեև ուրախալի էին հերթերը, բայց դրանք փաստել են նաև կազմակերպչական խնդիրների մասին՝ քվեախցիկների պակասություն է եղել: Ոմանք գնացել են, ժամերով սպասել ու հետ դարձել: Աղասի Արաբյանին դուր չի եկել նաև, որ լռության օրը՝ ապրիլի 1-ին, քաղաքական ուժերի գովազդները՝ պաստառները, փակցված են մնացել ողջ քաղաքում: «Այդ առթիվ մենք մեր դիտողությունն ենք արել: Ընտրատեղամասերում պետք էր նաև մեկը, ով քվեարկողներին կբացատրեր, թե նախքան քվեարկելն ինչ պետք է անի, ինչպես գրանցվի »,-ասաց նա:
Դիտորդի խոսքով՝ այն ընտրատեղամասում, որտեղ ինքը դիտորդություն է իրականացրել, եղել է խարդախության ընդամենը մեկ դեպք՝ մայր ու աղջիկ փորձել են երկրորդ անգամ քվեարկել: Նրանց հանձնել են ոստիկանությանը:
«Կարծում եմ, ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցան նորմալ, առանց կեղծիքների: Ինձ հետ Հայաստան եկած արտասահմանցի դիտորդները ևս հավանություն են տվել ընտրությունների ընթացքին »,- եզրափակեց Աղասի Արաբյանը: