Սիրիական պատերազմը պատճառ հանդիսացավ մեր երկրում փախստականների և ապաստան հայցող անձանց թվի աճի համար: ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի տվյալներին համապատասխան՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Սիրիայից Հայաստան են տեղափոխվել մոտ 20,000-ից ավելի անձ, հիմնականում ազգությամբ հայեր, որոնցից միայն 627-ն են ստացել փախստականի կարգավիճակ, իսկ մնացածին տրամադրվել է ՀՀ քաղաքացիություն: ԼՈւՐԵՐ.com-ն այս մասին տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի տարեկան զեկույցից, որտեղ Օմբուդսմանը անդրադարձ է կատարել այդ ցավոտ խնդրին: 

 

Նույն աղբյուրի համաձայն՝ 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում են մնացել Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցներից մոտավորապես 14,633-ը: Վերջիններիս ինտեգրմանը նպաստելու և մարդասիրական կարիքները բավարարելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել ոչ միայն ՀՀ պետական իրավասու մարմինների, այլ նաև ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից, որը մինչ օրս շարունակում է աջակցություն տրամադրել Սիրիայից և այլ երկրներից տեղահանված անձանց:

 

ՄԻՊ-ը ընդգծում է, որ այնուամենայնիվ, ինչպես տեղահանված այլ անձինք, այնպես էլ սիրիահայերն ունենում են բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են աշխատանքին, կրթությանը և առհասարակ ինտեգրմանը հասարակությունում:


Այստեղ անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ մինչև Սիրիայի պատերազմը Հալեպում բնակվել են մոտ 65,000 ազգությամբ հայ անձինք, որոնց թիվը պատերազմը սկսվելուց հետո նվազել և հասել է 12,000-իՆրանց հիմնական մասը տեղափոխվել են Հայաստան, Շվեդիա, Լիբանան և Ավստրալիա: