«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ նույն խմբի անդամ Արամ Մանուկյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Պաշտպանը գործի նյութերին դեռ չի ծանոթացել, սակայն տեղյակ է, որ մեղադրանքը ծանրացվել է:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ Արամ Մանուկյանին, բացի ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի և 235 հոդվածի 3-րդ մասի, մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով: Այն է՝ ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելը և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ մասի կետերով՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը:
Հարություն Բաղդասարյանը հավելեց՝ Արամ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված հարձակում իրականացրին Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա՝ գրավելով այն և պատանդ վերցնելով ոստիկանության ծառայողների: