Ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին հնարավո՞ր է, որ Արմեն Աշոտյանը մի օր երգ գրի Նիկոլ Փաշինյանի համար:
Արմեն Աշոտյանը նախ նկատեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից երկու քաղաքական ուժեր արդեն սկսել են քարոզարշավը: «Ես չեմ ուզում լծվել այն աշխատանքին, որ ենթադրում է քարոզարշավից առաջ քարոզչական կամ հակաքարոզչական բնույթի հայտարարություններ անել անգամ մեր մրցակիցների նկատմամբ, ում մենք հարգում ենք: Հետևաբար, մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը թույլ տվեք չներկայացնել քարոզչությանը վերաբերող գնահատականներ: Եթե ձեր հարցը իր մեջ ստեղծագործական բնույթ ուներ, ապա կարծում եմ, որ մենք Ազգային ժողովում հնարավորություն կունենանք Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ օրինաստեղծ գործունեություն ծավալել: Եթե կարիքը լինի նաև երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ այն մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները բանաստեղծությունների և երաժշտության ներքո, որպեսզի նրանք լավագույնս ներկայացնեն դրանք»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:
Նա հավելեց, որ երաժշտական կրթություն չունի, սակայն բոլորի համար է ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է կատարել «Էրեբունի-Երևան» երգը: «Ամեն դեպքում ողջունելի է, որ մարդն անկաշկանդ է ու կրեատիվ: Ես չեմ ցանկանում շատ գովել, քանի որ այդ դեպքում էլ կասեն, որ «Ելք»-ը իշխանության «նախագիծ»-ն է»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: