Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Ոտնլվայի արարողություն է կատարել, որին մասնակցել են նաև զինծառայողներ: Ոտնլվայի արարողության տեսագրությունը տեղադրված է Տավուշի մարզի հոգևոր թեմի ֆեյսբուքյան էջում:
Արարողության մեկնարկից առաջ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ: Ոտնլվայի արարողությունից հետո Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դիմեց ներկաներին: «Ձեր մասնակցությամբ և ձեր ներկայությամբ մենք կատարեցինք այն խորհուրդը, որը վերնատան մեջ տեղի է ունեցել մեր Տիրոջ կողմից իր առաքյալների նկատմամբ: Այս ամբողջը, ինչ այստեղ տեսաք, նույնությամբ կատարվել է վերնատանը: Ինձ այսօր ուրախացնում է մեր զինվորների մասնակցությունը Ոտնլվայի արարողությանը, նրանց ցանկությունը, որ իրենց ոտքերը ևս ընթանան խաղաղության և սի րո ճանապարհով: Ցանկացած հայ մարդ' անկախ նրանից ճանաչում է ձեզ, թե ոչ, ձեր նկատմամբ լցված է սիրով, հարգանքով, հոգատարությամբ: Եվ մեր աղոթքն է, որ դուք խաղաղության զինվորներ լինեք և մեկդ մյուսի նկատմամբ մեծագույն սիրո մեջ ձեր ծառայությունը կատարեք ու վերադառնաք ձեր ընտանիքներ»,- ասաց Բագրատ Սրբազանը:
Ոտնլվայի արարողությունը կատարվում է Ավագ հինգշաբթի օրերին: Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Քրիստոսի օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ա վագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոս առաքյալի ուրանալը: