Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի նկատմամբ այդ երկրի քաղաքականության մեջ առաջիկայում նոր փոփոխություններ չեն լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ նման զարգացումների սպասելու կարիք չկա:
«Ներկա պայմաններում, երբ Թուրքիան լարված հարաբերությունների մեջ է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, սպասել, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության հարցում Թուրքիան կգնա որոշիչ փոփոխությունների, իմաստ չունի: Կարծում եմ՝ Թուրքիայի քաղաքական վերնախավն ունի ընդհանուր մոտեցում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում: Հայաստանը աշխարհաքաղաքական, տնտեսական առումով՝ առաջնային նշանակություն չունի Թուրքիայի համար, և կարելի է թողնել հարաբերությունները նույն՝ գոյություն չունեցող մակարդակի վրա»,- նշեց Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի համեմատաբար զարգացած շրջանները դեմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին, կողմ են եղել հիմնականում հետամնաց շրջանները. «Սա նշանակում է, որ վերափոխումները Թուրքիայի ժողովրդին հարազատ չեն: Հետագա երկու տարիները բավական լարված կլինեն Թուրքիայի համար, քանի որ բազմաթիվ օրենքներ պետք է փոփոխվեն և համապատասխանեցվեն նոր սահմանադրությանը։ Այսինքն, լարված պայքար է սպասվում Թուրքիայի ներսում»։
Սաֆրաստյանը նշեց՝ քաղաքական խոշոր կուսակցություններից ազգայնական կուսակցությունը պաշտպանել է էրդողանին։ «Էրդողանը հենվում է պանթյուրքիստական ծայրահեղական ուժերի վրա։ Թեև Թուրքիան գնում է ավտորիտար կառավարման ճանապարհով, սակայն սա դեռ սուլթանատ չէ, քանի որ որոշակի բալանս, գոնե ձևականորեն, պահպանվում է»։
Նրա դիտարկմամբ՝ խորհրդարանը շարունակելու է պահպանել նախագահին իմպիչմենտ հայտարարելու իրավունքը. «Նախագահը պետք է որոշակի սահմանափակումների մեջ լինի։ Այստեղ կարևոր է Էրդողանի անձը. եթե Էրդողանը չլիներ, նրա փոխարեն լիներ որևէ այլ անձ, ապա այս փոփոխությունները շատ ավելի ընդունելի կլինեին Արևմուտքի, Եվրոպայի համար։ Պարզապես՝ իմանալով Էրդողանին, նրա բնավորությունը, պոռթկումները, բոլորը վախենում են, որ Թուրքիան կարող է դառնալ ավելի կանխատեսելի»։
Սոնա Հարությունյան