«Այսօրվա խորհուրդը մեծ է, ինձ համար ամեն օր է այս խորհուրդը թարմ և ամեն օր է ապրիլի 24: Բայց պետք է ասեմ, որ միայն օրվա խորհրդով չպետք է բավարարվենք, արդեն ժամանակն է, որ մենք կոնկրետ գործնական քայլեր կիրառենք և գնանք մեր ունեցվածքի և իրավունքների վերականգնման հետևից»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն առանց փոխհատուցման՝ մեզ ոչինչ չի տալու:
Մեր ճշտող հարցին՝ որն է լինելու հայկական պետության կողմից կիրառվող առաջին գործնական քայլը, Արագած Ախոյանը պատասխանեց. «Պետք Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը գիտակցի կատարված փաստը: Մի կետ կա, որից պետք է երկուստեք հետ գնանք և կոտրենք այն ատելության մթնոլորտը, որը կա այդ երկրում: Թուրք ժողովրդին պետք է մատուցել իրականությունը, և վստահ եմ, որ փոփոխություններ կլինեն: Աշխարհում այնպիսի գերտերություններ են փլուզվել, որ անհնարին ոչինչ չկա, մի օր էլ իրավիճակը փոխվի Թուրքիայում, չէ՞ որ շատ թուրք գործիչներ արդեն ընդունում են Ցեղասպանության փաստը»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ թուրք հասարակության զգալի շերտին հրամցվում է ապատեղեկատվություն, մարդիկ տեղյակ չեն՝ ինչ են կատարել իրենց նախնիները դարասկզբին, հետևաբար, պետք է աշխատել՝ նրանց իրականությունն անընդհատ մատուցելու ուղղությամբ:
Արագած Ախոյանը նաև հավելեց, որ այսօր Հայաստան են ժամանել թուրք գործիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց նախնիների կողմից ոճրագործության զոհ դարձած 1.5 միլիոն հայերի հիշատակին:
Աղավնի Սուքիասյան