Հայաստանի տնտեսության՝ օրըստօրե անկում ապրող ու որևիցե կերպ չշտկվող վատթար ցուցանիշներն անխուսափելիորեն արտացոլվում են նաև այն ճյուղերի վրա, որոնք ավանդաբար համարվել են մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է համապատասխան ցուցանիշ, որից պարզում ենք, որ 2017-ի հունվար-մարտ ամիսներին շինարարությունն,  ի թիվս այլ ոլորտների, անկում է գրանցել. իրականացվել է մոտ 36 մլրդ դրամի շինարարություն, որ մոտ 13%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այս՝ երկրում նվազել է նաև շինարարության արտադրությունը:

Թե ինչով կարող է պայմանավորված լինել այս պատկերը, թերևս, դժվար չէ կռահել. պահանջարկի պակասությունն է հիմնականում առիթ տալիս մարդկանց՝ հրաժարվելու նոր շենք-շինությունների կառուցման մտքից: Եթե մի երկրում բնակչությունը երկրաչափական պրոգրեսիայով անկում է ապրում, իսկ ներդրումներ գործնականում չկան, այնտեղ նոր շենքեր կառուցելու անհրաժեշտություն չի զգացվի երբեք: Կառուցածների ձեռքն են կրակն ընկել, գնորդներ չկան, ուր թե՝ նոր միջոցներ ներդրվեն կառուցապատման բիզնեսում: Ընդ որում՝ Հայստանում նաև էականորեն նվազել է միջազգային վարկերով կատարվող շինարարությունն, ինչը ևս օրինաչափ է:

Իհարկե, ասել, թե Հայաստանի խնդիրներն այնքան քիչ են, որ սահմանափակվում են ընդամենը մի քանի ոլորտներով, անհույս լավատեսություն կլիներ, բայց որ Կառավարությունը շատ ավելի մեծ խնդիրներ ունի, քան, ասենք, նույն շինարարության անկումն է, ակներև է. շինարարության ոլորտը շուկայական հարաբերությունների սկզբունքով ինքնակառավարվող ոլորտ է. կլինի պահանջ՝ կլինի առաջարկ, չի լինի պահանջ՝ չի լինի շինարարություն:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ