«МИР» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չի պատրաստվում զենքը վայր դնել: ԻՊ-ի գրոհայիններն ակտիվ գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այլև ռուսական սահմանների անմիջական մոտակայքում: 

 

«ԻՊ-ը ոչ միայն հիմնավորվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, այլև դեռ չի ցանկանում հանձնվել, բայց մենք անպայման կոչնչացնենք այն: Բայց նաև այս փուլում՝ խմբավորումը սկսել է ակտիվանալ Աֆղանստանում, հատկապես՝ դրա հյուսիսային շրջաններում, որոնք գտնվում են մեր հարևանների և դաշնակիցների սահմանների մոտ…»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:


Լավրովը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների: «Գործողությունների պատրաստ են նաև ռուսական բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ընդգծել է ՌԴ պաշտոնյան: