Խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով, փաստացի, դրվեց Հայաստանում հաջորդ իշխանությունների հիմքը, պատմություն դարձան: Միեւնույն ժամանակ՝ քաղաքական հարթությունում վերադասավորումների խմորումները ոչ միայն չեն ավարտվել, այլեւ իշխանության ներսում գոյություն ունեցող տարբեր թեւերի դիրքային պայքար է ընթանում. ոմանք իշխանությունն ամբողջովին վերցնելու հավակնություններ ունեն: Հստակ կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ՝ ամենաուժեղը Սերժ Սարգսյանի գլխավորած թեւն է: Իրեն բնորոշ հակակշիռների եւ զսպող մեխանիզմների միջոցով՝ երկրի ղեկավարը շախմատային հաշվեկշռված քայլերով իր ազդեցության տակ է պահում ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ գրեթե ողջ նորընտիր ԱԺ-ը:
Հաջորդ ազդեցիկ թեւը գտնվում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ազդեցության տիրույթում, որի՝ այսպես կոչված՝ կառավարիչը վարչապետ Կարեն Կարապետյանն է: Կարապետյան դուետը ռուսաստանյան շրջանակների համակրանքն է վայելում եւ, հետեւաբար, համարվում նրանց ներկայացուցիչները Հայաստանում: Թերեւս այդ հանգամանքով բացատրվեցին վարչապետափոխությունից հետո լայն թափով զարկ տրված կադրային փոփոխությունները. պաշտոններին հրաժեշտ տվեցին անգամ Սերժ Սարգսյանի թիմակիցները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին տեղավորվում բարեփոխումների ծրագրում եւ «սոլիդ» վարչապետի ղեկավարած նույնպիսի կառավարությունում:
Ներիշխանական պայքարի համատեքստում ստեղծվեց Ներդրողների ակումբը՝ Սամվել Կարապետյանի անմիջական ջանքերի գնով: Անշուշտ, տնտեսական դույզն-ինչ ակտիվության՝ դա չհանգեցրեց, բայց ունեցավ շատ ավելի կաևոր էֆեկտ՝ ներքաղաքական լարված պայքարում լուրջ հենարան դարձավ Կարեն Կարապետյանի համար: Չունենալով քաղաքական հենարան, վարչապետը ստեղծեց տնտեսականը: Այսօր Կարապետյանների տանդեմը կատաղի պայքար է մղում սեփական դիրքերը ներքաղաքական դաշտում պահպանելու համար: Ըստ էության, այս պայքարը ծավալվում է կապիտալի տեսքով, որի մյուս կողմում հայաստանյան խոշոր կապիտալն է՝ թերևս, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Իրականում՝ Սամվել Կարապետյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունը քողարկված կերպով գոյություն է ունեցել նաև նախկինում: Սամվել Կարապետյանը մշտապես Գագիկ Ծառուկյանի մեջ տեսել է այն մրցակցին, որը կարող է անհաղթահարելի պատնեշ դառնալ Հայատանում ունեցած պլանների համար: Սամվել Կարապետյանը մինչև 2015 թվականի փետրվարը մշտապես գովաբանել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը և բազմաթիվ անգամներ ճաշկերույթների սեղանների շուրջ բոցաշունչ կենացների ժամանակ բարձրաձայնել, որ Հայաստանին պետք է Ծառուկյանի նման ղեկավար: Սակայն, երբ տեղի ունեցավ հայտնի ընդվզումը, և Ծառուկյանը, փաստացի, մեն-մենակ մնաց պետական համակարգի դեմ, Սամվել Կարապետյանը չշտապեց կանգնել նրա կողքին, ինչպես և ԲՀԿ առաջնորդի գրեթե բոլոր քաղաքական գործընկերները և թիմակիցները: Այս դեպքերից հետո էլ Սամվել Կարապետյանը շտապեց Հայաստան և «մեծահոգաբար» հաշտեցրեց հակամարտող կողմերին՝ իրականում ուժեղացնելով սեփական դիրքերը՝ Հայաստանի ներքին քաղաքական բեմահարթակում: Պետք է պարզ լինի մեկ բան. Սամվել Կարապետյանը մինչ օրս Ծառուկյանի մեջ է տեսնում իր այն հիմնական ախոյանին, ով կարող է հակազդել իր ունեցած պլաններին:
Պայքարի էստաֆետն օրեր առաջ փոխանցվեց Կարեն Կարապետյանին: Կառավարության նիստում շոշափելով գազալցակայանների հիմնախնդիրը, վարչապետը նոր հարված հասցրեց մանդատների պատմությամբ առանց այդ էլ հարված ստացած Ծառուկյանին: Երանգն առավել ընդգծվում է «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով այն, որ գազալցակայանների բիզնեսում բավական մեծ ներգրավվածություն ունի հենց Գագիկ Ծառուկյանը. հատկապես Երեւանում եւ դրա մատույցներում նա ունի գերակշռող դեր: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանի անդրադարձը, կամա թե ակամա՝ ստանում է տնտեսա-քաղաքական համակարգային բնույթ, հատկապես՝ Հայաստանում իշխանության վերաձեւման ներկայիս փուլի համատեքստում: Ոլորտում առկա խնդիրները բնավ երեկ չեն ի հայտ եկել: Տեխնիկական կանոնակարգման նախաձեռնությամբ՝ վարչապետն իրականում ձգտում է շոշափելի ֆինանսական վնաս պատճառել Գագիկ Ծառուկյանին:
Արդեն իսկ հայտնի է, որ Սամվել Կարապետյանը հրաժարական է տվել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Առաջիկա տարվա ընթացքում իշխանության փոքր ու միջին սուբյեկտները պետք է կողմնորոշվեն, թե՝ ի վերջո ում հետ են: Իսկ այդ առումով՝ կա առնվազն երկու բեւեռ՝ Սերժ Սարգսյանը, որի հետ է թերեւս նաեւ Գագիկ Ծառուկյանը, եւ Կարապետյանները՝ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը: Այս համատեքստում, Սամվել Կարապետյանի հրաժարականը ֆեդերացիայի նախագահի պաշտոնից՝ փաստում է մի քանի բան: Նա իրեն այնքան «ուժեղ և ամենազոր» է զգում, որ չի կարող հանդուրժել Ծառուկյանին «պատկանող» Օլիմպիական կոմիտեում ստորադաս հարթակ զբաղեցնելը, չնայած՝ շատ ոգևորված էր և լուրջ մասնակցություն ունեցավ Ռիոյում մեր ըմբիշների հաղթանակի մեջ, ինչից հետո տարօրինակ կերպով «սառեց» ֆեդերացիայի հանդեպ: Բացի այդ, Սամվել Կարապետյանը ջանում է ցույց տալ, որ հետզհետե դառնում է աշխարհի գործարար հայության առաջնորդը և որևիցե կապանքներ և ընդհանուր եզրեր չի կամենում ունենալ Ծառուկյանի հետ, ով ոչ պակաս հեղինակություն ունի համասփյուռ հայության շրջանում:
Փաստը մնում է փաստ, որ այս երկու ֆինանսական, արդեն նաև քաղաքական տիտանների պայքարը նոր է սկիզբ առնում և նրանցից յուրաքանչյուրը ձգտելու է տանել դիրքային պայքար, իհարկե՝ խուսափելով ծայրահեղ քայլերից, քանի որ դրանք կարող են հանգեցնել մեծ կորուստների, ինչը ձեռնտու չէ բիզնես մտածելակերպ ունեցող խաղացողների համար: Այս համատեքստում՝ թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանն ունեն մեկ լրջագույն խնդիր՝ ուժեղացնել իրենց պայքարի քաղաքական բաղադրիչը ՝ ստեղծելով լուրջ և առաջադեմ մտածող քաղաքական թիմ, որն օժտված կլինի 4-5 կոմբինացիաներով խաղը տանելու: Այստեղ փոքր-ինչ շահեկան վիճակում է Գագիկ Ծառուկյանը, ով ունի խորհրդարանական խմբակցություն և հստակ գիտի, թե ով է խաղալու իր դաշտում, չնայած վերջին միջադեպին, երբ ըմբոստ պատգամավորները ցույց տվեցին, որ կարիք եղած դեպքում «Ծառուկյան» դաշինքից կարող են 5-6 պատգամավոր «պոկվել», որն ամբողջ ֆրակցիայի 20%-ն է: Իր հերթին՝ Սամվել Կարապետյանը պետք է փորձի շեշտը դնել արտախորհրդարանական ուժերի վրա, ինչպես նաև ձգտի ՀՀԿ-ից առավել թվով պատգամավորներ քաշել իր կողմը: Նման զարգացումը դեռ մշուշոտ է, և Ծառուկյանը, խաղը ճիշտ տանելու դեպքում, կարող է ունենալ կարճատև դիրքային հաջողություն, բայց երկարատև պայքարի դեպքում՝ Սամվել Կարապետյանի շանսերն այս խաղում հաղթելու՝ ավելանում են, քանի որ թե՛ ադմինիստրատիվ, թե՛ ֆինանսական ռեսուրսով նա անհամեմատելի ուժեղ է ընդդիմադիր Ծառուկյանից: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա ուժեղացնելու է իր վերահսկողությունը բոլոր ուժային կենտրոնների նկատմամբ և հանգիստ վայելելու է «տիտանների» բախման տեսարանը, քանի որ գրեթե համոզված է, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի ջրերն այլևս նույն առվով չեն հոսելու:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ