Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ղեկավարվելու է Կարեն Կարապետյանի մտերիմ մարդու կողմից, ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ այդպիսով Կարապետյանը փորձելու է անել հնարավոր ամեն բան՝ տնտեսական լծակներն իր ձեռքերում կենտրոնացնելու համար: Շատերը մաքսայինի ու հարկայինի միավորումը, որը տեղի ունեցավ Վարդան Հարությունյանի հովանու ներքո, համարեցին հաստատ նշան այն բանի, որ Կարապետյանի կողմից ի սկզբանե հստակորեն դրված է եղել ազդեցության գոտիների վերաբաշխման խնդիրը: Այսինքն՝ համաձայնելով դառնալ վարչապետ՝ Կարապետյանն, ըստ էության, սկզբից ևեթ նախապայման է դրել, որպեսզի երաշխավորվի իր մաքսիմալ ազատությունը:

Հայտնի է դարձել, որ ի թիվս այլ ընկերությունների, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է նաև «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին 103.065 մլն դրամով: Չնայած՝ միգուցե շատերը ՊԵԿ կողմից ինչպես ՍԱՍ-ին, այնպես էլ մնացյալ ընկերություններին տուգանելու իրողությունը կարող են բացատրել, ասենք, բյուջե հավելյալ մուտքեր ապահովելու՝ Հարությունյանի ազնիվ մղումով, սակայն առնվազն պետք է կարճատես լինել՝ չհասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունենում. կասկած լինել չի կարող, որ ՊԵԿ-ի այս քայլն ուղղակիորեն թելադրված է վարչապետի գրասենյակից, որ նպատակ ունի համապատասխան մեսիջներ հղելու նրանց, ում առաջիկայում վարչապետը փորձելու է սեփական ազդեցության գոտում ներառել:

Այսպիսով, գրեթե վճռական փուլ է մտնում այն, ինչ սկիզբ է առել ամիսներ առաջ. իշխանական բուրգում նախագահի ու վարչապետի միջև ազդեցության գոտիների վերաբաշխումը մտնում է վերջին փուլ՝ ըստ էության, ու պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանն, իրեն պահելով ուժային կառույցները, տնտեսականները հանձնում է Կարեն Կարապետյանին՝ այդպիսով՝ մի կողմից ինչ-որ տեղ ձերբազատվելով ավելորդ պատասխանատվությունից, մյուս կողմից՝ ամրապնդելով իր իշխանությունը (չմոռանանք, որ ցանկացած իշխանություն հիմնվում է նախևառաջ ուժային կառույցների վրա): Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի կողմից ուժային կառույցների՝ սեփական ձեռքում կենտրոնացնելը տեղի է ունենում գրեթե բառիս բուն իմաստով, քանի որ գերպատասխանատու պաշտոններում նշանակվում են մարդիկ, ովքեր այնքան էլ մեծ աշխատանքային կամ ոլորտային փորձ չունեն իրենց մեջքի հետևում՝ այդպիսով հանդիսանալով անզուգական գործիքներ՝ նախագահի ձեռքերում:

Իրականում, սակայն, Կարապետյանի կողմից՝ բոլոր տնտեսական լծակներին տիրելուն ձգտելն, ինչ-որ պահի կարող է դուրս գալ հենց նրա դեմ, քանի որ իշխանությունը նախևառաջ ենթադրում է պատասխանատվություն ժողովրդի առջև, իսկ պատասխանատվություն կրել տնտեսության համար՝ այսօր այնքան էլ հեշտ չէ. տնտեսությունը փլուզված վիճակում է գտնվում, որի ծանության տակ մտնողը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ