Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության շնորհիվ առաջիկա տարիներին հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել երկու երկրների փոխշահավետ գործակցությանը: Նախագահն ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների՝ այդ թվում Պերուի հետ հասցրել է ձևավորել շատ ջերմ և ամուր հարաբերություններ, որոնց նպաստել է նաև այդ երկրների հյուրընկալ վերաբերմունքը նախորդ դարասկզբին ցեղասպանությունից մազապուրծ եղած և Լատինական Ամերիկայում ապաստան գտած հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ:
Դեսպան Արտեագան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և վստահեցրել, որ մեծ ջանասիրությամբ է աշխատելու հայ-պերուական երկկողմ հարաբերությունների բարելավման և զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Պերուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը կարևոր հանգրվան է երկու երկրների բարեկամական կապերի վերաիմաստավորման և ամրապնդման համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում հայ-պերուական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ: