ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Արման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: