Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է իսլամական խաղերին և այդ կապակցությամբ էլ սահմանին դիմում է սադրանքների՝ ընդհուպ՝ հայտարարելով, թե հայկական կողմն է դիմում հրադադարի ռեժիմի խախտումների: Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենի պատճառն այն է, որ Ադրբեջանը փորձում է իր երկիր ժամանած իսլամական խաղերի մասնակիցներին ցույց տալ, որ խախտումների դիմողը հայերն են, ոչ թե իրենք. «Այս քայլով փորձում է իր երկիր ժամանած հյուրերին  և իսլամական մյուս պետություններին ցույց տալ, որ հայերն ատում են իսլամ ժողովրդին և օկուպացրած են պահում իրենց երկրի 20 տոկոսը»:


Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանն Ապրիլյան պատերազմ սանձազերծելու համար իր վրա զգացել է միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը, որից հետո նրան պարտադրվեց վերահսկողության մեխանիզմների կիրառումը, ինչին այդ պետությունը դեմ է, ուստի, հիմա փորձում է միջազգային հանրության ճնշումներից խուսափելու համար Մամեդյարովի լեզվով հրապարակ նետել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. «Ալիևը փորձում է կառուցողական գործիչ ներկայանալ. հերթական անգամ նոր ձևակերպումներով է հանդես գալիս՝ հայկական կողմից չհիմնավորված տարածքային զիջումներ ակնկալելով, որից հետո կսանձազերծի նոր պատերազմ»:


Քաղաքագետը չբացառեց պատերազմի վերսկսման վտանգը, շեշտելով, որ այն  առկա է միշտ և բազմաթիվ առարկայական գործոնների կողքին, որոնք պետք է վճռեն պատերազմի վերսկսման ժամկետը, կան նաև սուբյետիվ գործոններ:

 

«Ադրբեջանի նախագահն, ով այդ երկրի միապետն է,  կարող է կտրուկ որոշում կայացնել և որոշել հաղթական պատերազմով ամրապնդել իր դիրքերը, և ես վստահ եմ, որ այս հարցում իրեն արտաքին ուժերը կկառավարեն, որի շնորհիվ անսպասելիորեն պատերազմ կսկսի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կամ կդիմի ճակատային գծում ծավալուն բախումների»: 


Նման ելքից խուսափելու համար Ալեքսանդր Քանանյանը բերում է միջազգային պրակտիկայում գրանցված հաջողակ փորձերը, երբ նախահարձակ եղող պետությունը կարողացել է վճռել պատերազմի հաղթական ելքը. «Մենք մեր անվտանգության ապահովման համար պետք է նախահարձակ լինենք, նման դեպքեր պատմության մեջ հարյուրներով կան»: 


Հարցին՝ իսկ ինչո՞ւ է հայկական կողմն առավել շատ հանդես գալիս պաշտպանվողի դիրքերից, քաղաքագետը պատասխանեց. «ՀՀ իշխանությունը շատ քաջ գիտակցում է, որ հայկական բանակը մեզ բոլորիս համար ցանկալի ռազմավարական բարձր պատրաստվածության մակարդակի վրա չէ, իսկ օգնություն էլ չենք կարող ակնկալել մեր  ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ով ամեն կերպ մեր տարածքի մի մասը ձգտում է փոխանակել կամ տալ՝ Ադրբեջանին ԵՏՄ բերելու համար»: