Երևանի ավագանու ընտրությունից հետո իշխանության ստացածը պետք է չափել, թերևս, ոչ թե տոկոսներով, այլ՝ տարիներով: Ստացած տոկոսներից բացի, իշխանության համար երևի թե ամենակարևոր «ձեռքբերումը» տարիներն են՝ առնվազն չորս տարի՝ առանց ընտրական գործընթացների: Սա բնավ չի նշանակում, թե ընտրությունների հիմնական նպատակը՝ իշխանության համար պայքարը, դադարելու է լինել քաղաքական կյանքի շարժիչը։  Ավելին՝ ճիշտ հակառակը. առաջիկա մեկ տարվա ընթացքում այն ավելի սրվելու է։ Առանձնահատկությունը, սակայն, այն է, որ գոնե այս պահին տեսանելի իրողությունների պայմաններում, առաջիկա մեկ տարում իշխանության համար պայքարն ընթանալու է գործող իշխանական համակարգի ներսում՝ այդ համակարգի մի քանի թևերի, շերտերի ու բևեռների միջև։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա չորս տարիներին ընտրություններ չեն լինելու, դա շատ վտանգավոր կարող է լինել պետության համար, քանի որ չափազանց մեծ է առանց այդ էլ ճահճացած իշխանության՝ էլ ավելի ճահճացումն ու դեգրադացումը։ Դա էլ իր հերթին՝ հղի է այլ վտանգավոր հետևանքներով, քանի որ հասարակության սոցիալական վիճակը շարունակում է վատթարանալ, մեծանալու է հանրային դժգոհությունը, ինչն արտահայտելու մեխանիզմ՝ ի դեմս ընտրության, չի լինելու։

 

Միևնույն ժամանակ, գալիք չորս տարիները իշխանություններն օգտագործելու են մի շարք վերադասավորումներ իրականացնելու համար: Նախկինում գործող երկբևեռ համակարգը, որը ձևավորվել էր մեր ներքաղաքական դաշտում կարծես թե իրեն ամբողջությամբ արդարացրել է: Այժմ իշխանության համար կա այդ մոդելը հղկելու անհրաժեշտություն, դրանում՝ այսպես ասած՝ «գաղափարականության» բաղադրիչը բարձրացնելու անհրաժեշտություն: Այդ խնդիրը կարևոր է «անաղմուկ ընտրություն» ռազմավարության հետագա «զարգացման համար»: 2018 թվականից հետո արդեն իսկ պարզ կդառնա, թե իշխանական համակարգում որ սեգմենտը, բեւեռը կամ խումբը ինչ դեր և տեղ կզբաղեցնի «երկբեւեռ գաղափարականացման» համատեքստում: Մի բան ակնհայտ է՝ քաղաքական համակարգն արդեն իսկ տրասֆորմացման միտումներ է արձանագրել՝ ի դեմս ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն կառավարության ձևավորման: Թերևս կարելի է ենթադրել, որ մոտակա 4 տարիների կտրվածքով, նոր գաղափարականացված երկբևեռ համակարգը կկազմեն հենց Հանրապետականը և Դաշնակցությունը:

Ի՞նչ գործառույթներ է կատարելու այս նոր բևեռը. Սերժ Սարգսյանի կոալիցիան կամ, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ծրագրային կոալիցիան, որը թեև հնգամյա է, այդուհանդերձ՝ ժամանակահատվածը բաժանվելու է երկու մասի՝ մինչև 2018 թվականը և դրանից հետո: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի մինչև 2018 թվականը ձևավորել իր կառավարությունը, նշանակել իր վարչապետին կամ, առավել ևս՝ անձամբ գլխավորել կառավարությունը, ապա ՀՅԴ-ն 2018-ից հետո էապես կկորցնի նշանակությունը Սարգսյանի համար, և կոալիցիոն հետագա չորս տարիները կլինեն իրականում՝ ձգվող ապահարզանի տարիներ: Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի մինչև 2018 թվականի ապրիլ ձևավորել կամ վերադասավորել իր իշխանությունը, նշանակել իր վարչապետին կամ անձամբ դառնալ վարչապետ, ապա կոալիցիան կբացի երկրորդ շնչառությունը, և Դաշնակցության միջոցով Սերժ Սարգսյանը կփորձի ազդել ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցության վրա՝ 2018-ի վարչապետի նշանակման և կառավարության ձևավորման հարցում:

 

ԲՀԿ-ն այս պարագայում վերածվելու է ամբողջապես վերահսկելի ընդդիմադիր ուժի, սակայն ընդդիմադիրն այստեղ նույնպես հարաբերական է. ԲՀԿ-ն մինչ օրս խուսափում է իրեն ընդդիմության անվանելուց և նախընտրում է հանդես գալ նվազ ռիսկային այլընտրանքի դերում: Սույն երկբևեռ մոդելը երկար կյանք ունենալ, պարզապես, չի կարող: Հանրությունը պահանջելու է նոր ընդդիմադիր քաղաքական ուժ, իսկ այդ պատկերացմանը Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը բնավ չի համապատասխանում: Առաջիկա մեկ տարում տեսանելի չեն քաղաքական նախաձեռնություններ, զարգացումներ, որոնք կարող են չեղարկել Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը: Կարելի է նույնիսկ պնդել, որ ոչ միայն մեկ կամ մի քանի կուսակցության համամասնական ցուցակ է հարմարեցված Սերժ Սարգսյանի քաղաքական ճաշակին, այլև, կամա թե ակամա, ամբողջ քաղաքական համակարգը՝ իր իռացիոնալությամբ և անգործությամբ: Ինչևէ, ավարտված է իշխանության վերարտադրության գործընթացի հերթական փուլը, տրված է նորի մեկնարկը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ