ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ պատգամավորներն ազատ են եղել իրենց քվեարկության ժամանակ և «Ծառուկյան» դաշինքի կողմից ՀՀԿ-ի թեկնածուին տրված քվեները եղել են քվեներ՝ խղճի մտոք:

 

Այս մասին այսօր Ազգային ժողովում ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նա: 

 

Վերջինիս համոզմամբ՝ եթե ընդդիմադիր ուժը քվեարկում է իշխող ուժի թեկնածուի և նախագծերի օգտին, դա դեռ չի փաստում, որ Ազգային ժողովը զրկվում է ընդդիմադիրներ ունենալու հնարավորությունից. «Ես չեմ կիսում այն տեսակետը, որ եթե ընդդիմադիրը ձայն է տալիս ՀՀկ-ի օգտին, ուրեմն դադարում է ընդդիմադիր լինելուց: Մենք նախորդ գումարման Ազգային Ժողովում ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ իշխող ուժն է քվե տվել ընդդիմության նախագծերին: «Եթե դու ընդդիմություն ես, չպետք է իշխող ուժին լսես» տեսակետը պրիմիտիվ  է, պետք է և ընդդիմությունը և իշխանությունն առաջնորդվեն բացառապես պետական շահով»:

 

Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք այդ կերպ է աշխատելու 6-րդ գումարման Ազգային ժողովը, Էդուրադ Շարմազանովը պատասխանեց. «Հուսամ՝ կուսակցամոլությունը բոլոր դեպքերում կստորադասվի պետական շահերին»: