Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի մուտքի մոտ անձամբ է հրահանգել հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, ինչից հետո լուռ հետևել է ծեծկռտուքին: Այդ ամենն արձանագրվել է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայության կողմից հրապարակված տեսանյութում:

 

Դրանում երևում է, թե ինչպես է Էրդողանը մեքենայի մեջ լսում ցուցարարներին, ովքեր բարձրախոսներով բղավում էին «Մանկասպան Էրդողան»: Ավտոմեքենայի բացված դռան մոտ՝ Էրդողանի կողքին կանգնած անվտանգության աշխատակիցը նրան շարունակ տեղեկացնում է տիրող իրադրության մասին՝ հրահանգներ ստանալով նախագահից: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես հաջորդ վայրկյաններին Էրդողանի հետ խորհրդակցող անվտանգության աշխատակիցը հրահանգում է մեկ այլ աշխատակցի, ով գլխով անելուց հետո վազելով իջնում է ցուցարարների մոտ, ինչից հետո սկսվում է Թուրքիայի նախագահ ի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա:

 

Հարձակումից հետո Էրդողանը դուրս է գալիս ավտոմեքենայից՝ դիտելու կատարվածը, իսկ հրահանգ ստացած անվտանգության աշխատակիցը վազելով հետ է վերադառնում՝ կարծես զեկուցելով Թուրքիայի նախագահին կատարվածի մասին:

 

Կեցավայրի դիմաց տեղի ունեցող ծեծկռտուքին հետևելուց հետո Էրդողանը մտնում է կեցավայր:

 

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի,Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի:

 

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ: