ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին ընդունել է Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին եւ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով էստոնացի խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրվել հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերություններում: Նա իր երախտագիտությունն է հայտնել Էստոնիայի ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման եւ Տալլինի Սուրբ Իոանն եկեղեցում տեղի ունեցած համերգի համար: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Էստոնիայի իշխանությունների այդ քայլերը եւ հույս հայտնել, որ շուտով Էստոնիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը դրական է տրամադրված զարգացնելու երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԵՄ դերը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան, արհամարհելով բոլոր միջազգային պարտավորությունները, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ վերջին տարիներին Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ ԱԺ փոխնախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը. ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը մերժում է խնդրի ռազմական լուծումը:
Էդուարդ Շարմազանովը, խոսելով անցյալ տարի ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի մասին, փաստել է, որ օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական գնահատական տվեց Ադրբեջանի՝ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնող քայլերին:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանը պիտի ճանաչի Արցախի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Եվ այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է հանուն ազատության եւ անկախության:
Էստոնիայի խորհրդարանի պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոն նշել է, որ Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիրը կստորագրվի ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում եւ Էստոնիայի համար մեծ պատասխանատվություն է ԵՄ նախագահությունը ստանձնելը: Նա անդրադարձել է Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ երկրների միջեւ համագործակցության խորացմանը, մուտքի արտոնագրերի ազատականացմանը, Արեւելյան գործընկերության գագաթաժողովի անցկացմանը Բրյուսելում:
Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին, խորհրդարանական կառավարման համակարգին եւ առաջիկայում խորհրդարանում քննարկվելիք օրինագծերին: