Վերջին շրջանում հաճախակի կարելի է տեղեկանալ այս կամ այն տարեց դատավորի՝ աշխատանքից ազատման դիմումի մասին հրապարակում:
Խնդիրն այն չէ, որ դատավորները ինքնաքննադատական սկզբունքով որոշել են ճանապարհ բացել երիտասարդների համար, կամ հասկանալով, որ հոգնել են, չեն սպասում թոշակի տարիքին, հրաժարվում են ծանր աշխատանքից, իրականում պատճառները բոլորովին այլ են: Դատավորները բարձր թոշակ ստանալու պատճառով են թոշակային տարիքից շուտ դիմումներ գրում, ազատվում աշխատանքից, քանի որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով 20 եւ ավելի տարվա ստաժ ունեցող դատախազները եւ դատավորները մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը թոշակի անցնելու դեպքում իրենց վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ կստանան։ Իսկ ավելի ուշ թոշակի մեկնողների թոշակի չափը հաշվարկվելու է ընդհանուր հիմունքներով։ Հայաստանում դատախազները միջինից 10 անգամ ավելի կենսաթոշակ են ստանում, սակայն ի՞նչ է շահում հասարակությունը, հասկանալի չէ:
Հայաստանում միջին կենսաթոշակը 41 հազար դրամ է, իսկ պաշտոնաթող դատախազները ստանում են շուրջ 430 հազար դրամ (մոտ 900 դոլար)։ Որևէ մեկի մտքով անցել է՝ ինչի՞ համար են նրանք այդպիսի գումարներ ստանում, եւ արդյոք իրավական համակարգն ավելի անկախ ու արդար է դառնում։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ նման փողեր ծախսել, եթե մեր երկրում շատ ավելի սուր խնդիրներ կան։ Մինչդեռ իրականում կառավարությունը պետք է աշխատեր դատախազներին, քննիչներին բերել այն դաշտ, որտեղ գտնվում է հասարակության ճնշող մեծամասնությունը` միջին կենսաթոշակի։ Եթե այս նախագիծը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միտում ունի, ապա պետք է փաստել, որ ոչ թե թոշակի գնացած, այլ գործող դատախազներն են կոռուպցիոն ռիսկի տակ: Վերջին շրջանում մի շարք դատավորներ են ձերբակալվել՝ կաշառակերության մեղադրանքով, արդյո՞ք սա չի նշանակում, որ թոշակները բարձրացնելիս ( եթե դա այդքան անխուսափելի է) անհրաժեշտ է հաշվի առնել նաև մասնագիտական և մարդկային որակները՝ դատավոր են դառնում պատահական մարդիկ, որոնց նպատակը ոչ թե արդարադատությունը իրականացնելն է, այլ հիմնականում սեփական իր և սերունդների ապագան ֆինանսապես ապահովագրելը: 2007 թվականին ԱԺ-ն ամբողջացրեց այս փաթեթը ՝ բարձր աշխատավարձով և կենսաթոշակով, դրա գլխավոր նպատակն էր դատական համակարգում կոռուպցիայի նվազեցումը: Անգամ անզեն աչքով տեսանելի է, որ արդյունքներ, այն էլ գոհացնող՝ չկան: Հետևաբար ինչու՞ է կառավարությունն այդքան վստահ, որ նույն մեխանիզմի կիրառումը պետք է արդյունավետ լինի այս անգամ…
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ