Հայաստանում, ոչ մեկի համար առանձնակի գաղտնիք չէ, կոռուպցիայի խնդիրը մշտապես ու հանապազ լուծում չգտնող խնդիր է, ու չնայած կոռուպցիայի դեմ պայքար մղող կառույցների ու մարմինների պակաս հատկապես վերջին տարիներին Հայաստանում չի զգացվել, ակնհայտ է, սակայն,  որ դրանց գոյությունը ոչ մի իրական դրական ազդեցություն չի ունեցել կոռուպցիայի հաղթահարման վրա՝ կրելով ավելի շատ ձևական, քան էական բնույթ: Ի դեպ՝ միառժամանակ առաջ Կառավարությունը կրկին անգամ որոշում էր ընդունել հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծելու վերաբերյալ. Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման մարմին է ստեղծվելու:

Երևանում մայիսի 31-ին կայացած «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին Հայաստանում Եվրամիության պատվիրակույթան ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես էր եկել հայտարարություններով, որոնք, մեղմ ասած, խիստ «հակակոռուպցիոն» բնույթ էին կրում՝ համեմված յուրատեսակ սպառնալիքներով: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար չծավալվի, ու այդ սոցիալական չարիքը չստանա արժանի պատասխան, ապա դժվար, թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ ՀՀ տնտեսությունում: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե Սվիտալսկին, նման խնդիր դնելով, փորձում է Հայաստանը կատարելության ճանապարհով  առաջնորդել, սակայն իրականում ակնհայտ է, թե ինչ է ակնարկում նա:

Միանշանակ է, որ խնդիրը ոչ թե կոռուպցիայի մակարդակն է, այլ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունում առկա շեշտադրումների հարցը: «Տարածաշրջանը պետք չէ դիտարակել որպես սոսկ աշխարհաքաղաքական շահերի բախման հարթակ: Կարևոր է, թե ինչ են ցանկանում հենց տարաշրջանի պետությունները, ինչ շահեր ու առաջնահեթություններ ունեն և ում են համարում իրենց դաշնակից ու գործընկեր»,- պարզ տեքստով հայտարարել է Սվիտալսկին՝ ըստ էության կարմիր գիծ սահմանելով Հայաստանի համար. Հայաստան-Եվրամիություն նախաստորագրված նոր համապարփակ շրջանակային համաձայնագրի ճակատագրից է իրականում կախված լինելու այն հարցը, թե ինչ չափի ու ծավալների ներդրումներ կարվեն ՀՀ-ում, և կամ ինչ հունով կազարգանան Հայաստան-Արևմուտք հարաբերությունները: Այսպիսով՝ ի՞նչ է ստացվում: Ստացվում է այն, որ բախվում ենք յուրատեսակ շանտաժի. Եվրոպան իրեն հատուկ լեզվով փորձում է հասկացնել պաշտոնական Երևանին, որ որքան էլ Հայաստանը պրոռուսական ուղվածության արտաքին քաղաքական օրակարգ ունենա, Եվրոպայի համար գոնե «մի ոտքի տեղ» թողնել պարտավոր է: Հայաստանն իրականաում Եվրոպային այլընըտրանք չունի, եթե ցանկանում է տնտեսության մեջ  ներդրումներ ապահովել հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ի հետ փողի առումով հույս կապելն այլևս միամտություն կդիտարկվեր: Մի խոսքով՝ եթե փող ենք ուզում, պարտավոր ենք դուռը չփակել ԵՄ առջև:

Թե ինչ ճակատագիր կունենա Հայաստան-ԵՄ համապատասխան համաձայնագիրն, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ  ներդրումներ անել-չանելը Հայաստանի գլխին յուրատեսակ մահակի է վերածվել արդեն շատ վաղուց, աղետալի է իրականում.  մեզ այլևս չեն հարգում...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ