Օրերս «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի կողմից բաց նամակ է ուղղվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ թիվ 1 տուն-ինտերնատում տիրող խայտառակ իրավիճակի վերաբերյալ: Կենտրոնը նշել էր, որ Տուն-ինտերնատում սննդի որակը ծայրահեղ վատն է, ծերերի հետ ագրեսիվությունն էլ արդեն մոտ է ֆիզիկական բռնություն կիրառելու շեմին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում 2017 թվականի մարտ ամսից թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը նշեց, որ «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և, ավելին՝ պարունակում է հանցագործության տարրեր. «Քանի որ իրենք հայտարարել են, որ տուն-ինտերնատում սննդի որակը ծայրահեղ վատն է, ծերանոցում առկա են շուրջ 50 խնամյալներ, որոնց փոխարեն թոշակները ստանում և տնօրինության հետ կիսվում է մի բժշկուհի, ուստի ես դիմել եմ իրավապահ մարմիններին՝ խնդրելով ուսումնասիրել այդ կենտրոնի կողմից հրապարակված տեղեկատվությունը: Այսօր արդեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր ինտերնատ աշխատանքային խումբ է այցելելու՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու համար: Սպասենք,  չեմ ուզում որևէ բան ասել, ուզում եմ հետևենք իրավապահ մարմիններին»,-նշեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: 

Վերջինս նաև հավելեց, որ ամեն ինչ անելու է իր ենթակայության տակ գտնվող հաստատության 240 հոգանոց անձնակազմի հարաբերությունների պահպանման համար. «Ես ամեն ինչ անում եմ նորմալ աշխատանքային հարաբերությունների պահպանման համար, ես հիմա հանդես եմ գալիս որպես ժամանակավոր պաշտոնակատար, հունիսի 15-ին կկայանա տնօրենի ընտրությունը, բայց մինչ այդ ես հետամուտ եմ լինելու, որ իրավաբանները զբաղվեն այդ կենտրոնի կողմից հրապարակված հոդվածով»:

Հարցին՝ արդյո՞ք սա իր դեմ տարվող աշխատանք է տնօրենի պաշտոնի հավակնող այլ թեկնածուների կողմից, Վահան Զուրաբյանը նշեց. «Ես տեղյակ չեմ անգամ՝ ովքեր են տնօրենի պաշտոնի մյուս հավակնորդները, հետևաբար, այս մասով ոչինչ ասել չեմ կարող»:

Թիվ 1 տուն-ինտերնատի իրավաբան Արամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել է «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»՝ պահանջելով հերքել իրենց կողմից արված հրապարակումը, որը, սակայն, չի արվել:

Թե ինչու են թիվ 1 տուն-ինտերնատի գլխին սև ամպեր կուտակվում և ինչ փաստեր ունի «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել այս կենտրոնից: Առավոտյան 10:00-ից փորձում ենք կապվել «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի հետ՝ իրենց տեսակետը ներկայացնելու համար: Սակայն կենտրոնից գեթ մեկ պարզաբանում լսելու՝ մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Հավելենք նաև, որ մեր ընթերցողին երկկողմանի տեղեկատվություն տրամադրելու համար պատրաստ ենք լսել նաև «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի պարզաբանումը:

Աղավնի Սուքիասյան