Վերջին շրջանում, շատերը նկատած կլինեն, բավական աշխուժացել են խոսակցություններն այն մասին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է կամ գոնե մտադրվել է հրաժարական ներկայացնել. իբր Կարապետյանը հոգնել է քաղաքականությունից, կարոտել իր նախկին կենսակերպն ու հարմար առիթ է փնտրում՝ ժամ առաջ լքելու պաշտոնը: Իհարկե, հարցը, թե որքանով կարող են նմանատիպ լուրերը կամ շշուկները համապատասխանել իրականությանը, միգուցե քննարկման մեկ այլ, բոլորովին առանձին թեմա է, բայց որ դրանք ակտիվորեն շրջանառության մեջ դնողներ կան, ու այն, որ նման լուրեր տարածողները կոնկրետ նպատակ են հետապնդում, անհերքելի է: Ի դեպ՝ այդ մասին հայտարարել էր նաև նախագահը:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանը հայտարարել էր, որ իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումներն, ինչպես նաև այն լուրերը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: «Մենք թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,- հայտարարել է նախագահն՝ այսպիսով փորձելով վերջակետ դնել հարցին: Պետք է նկատել, որ գրեթե նույնաբովանդակ հայտարարություններով նախկինում հանդես էին եկել նաև որոշ ՀՀԿ-ականներ. բոլորն են, թերևս, հիշում թե՛ Էդուարդ Շարմազանովի, թե՛ Սամվել Նիկոյանի հայտարարությունները:
Այսպիսով մի բան ակնհայտ է այլևս՝ Կարեն Կարապետյանը լիարժեքորեն ու վերջնականորեն հրաժարվել է քաղաքական լիդերի կարիերայից ու բավարարվել է մենեջերական այն առաքելությամբ, որ նրան շնորհել են նախագահականից: Հետևաբար՝ Կարապետյանն այլևս ոչ մի կերպ չի կարող այլընտրանք ներկայանալ Սերժ Սարգսյանին ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ՀՀԿ-ն գոնե մինչև 2018 թվականի ապրիլ վարչապետ փոխելու խնդիր ունենալ չի կարող. ներկա փուլում Կարապետյանի հեռանալը ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել առաջին հերթին հենց նախագահին, ում այժմ կայունություն է անհրաժեշտ՝ 2018-ին պատրաստվելու համար: Ասել կուզի՝ Կարեն Կարապետյանն իր կառավարությամբ հանդերձ, որպես անցումային շրջանի վարչապետ, ներկա փուլում Բաղրամյան 26-ի համար ուղղակի անփոխարինելի է. նա մարդ է, ով, կարելի է ասել, այլևս չունի ամբիցիաներ:
Իսկ թե ինչու կամ ինչպես եղավ, որ ընդամենն ամիսներ առաջ իրեն ռեալ այլընտրանք ներկայացնել փորձող վարչապետը դադարեց ամբիցիոզ մեկը լինելուց, ակնհայտ է նույնիսկ մղոնների հեռավորությունից. խոստումները չափից դուրս հնչեղ ստացվեցին...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ