Ազգային ժողովում այսօր շարունակվեց Կառավարության և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթի քննարկումը, որով, ըստ համահեղինակի, հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ:
Ազգային Ժողովում նախագիծը ներկայացնելիս, խոսելով կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի կողմից քննադատվող «Ազդարարման համակարգի» մասին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ խոսքը վերաբերում է նրան, որ անձը չվախենա հնարավոր հաշվեհարդարից, հետևանքներից ու հանգիստ հայտնի այն դեպքի մասին, որը գիտի:
Ի դեպ՝ Արփինե Հովհաննիսյանի նմանատիպ դիտարկումների հետ օրենքի նախագծի դեռ առաջին ընթերցման ժամանակ չհամաձայնեց ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված, անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:
Նա իր առաջին ելույթում նշել էր, որ մենք հայ ենք, բոլորս հայ ենք և տեղյակ ենք՝ ինչ արժեքներ ենք կրում և միշտ չէ, որ եվրոպական արժեքները մեր հայկական արժեքների հետ համատեղելի են, և, հետևաբար, ազդարարի ինստիտուտը մեզ հարիր չէ, քանի որ, ժողովրդական խոսքով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է:
ԼՈւՐԵՐ.com-ն արձանագրում է հետաքրքիր մի փաստ, որ հայու գենի պահպանման ջատագով պատգամավորի հայապահպանմանն ուղղված կոչերը տևեցին մինչև նախագծի քվեարկության պահը:
Անդրանիկ Կարապետյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել «գործ տալու» նախագծին, իսկ երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ նիստից բացակայել է, հավանաբար քննադատություններից հետո վերջինս խուսափել է երկրորդ ընթերցման ժամանակ տեսակետ հայտնել, ինչը, բնականաբար, ՀՅԴ-ի պարագայում կարող էր դրսևորվել միայն կողմ արտահայտվելով:
Ստացվում է՝ սուր քննադատությունն ու հրապարակային ելույթն ընդամենը շոու էր, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, և երիտասարդ նորընտիրը՝ «դեմ ըլլալով» կողմ է քվերակել իր համար անընդունելի նախագծին:
Անհատական քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այստեղ և այստեղ