«Գայանե» բալետի` հունիսի 8-ին կայանալիք ներկայացման բոյկոտի պատասխանատուները մինչև հունիսի 9-ի երեկոյան բացատրագրեր կներկայացնեն, կազմակերպիչները կպատժվեն, իսկ տոմսերը ետ վերադարձնող հանդիսատեսին կվերադարձվի իրենց գումարը: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը:
«Այդ անախորժ իրադարձության կապակցությամբ այսօր տեղի է ունեցել ժողով, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, փոխնախարարները: Ամիրյանը խնդրեց կազմակերպիչներին ոտքի կանգնել և ասել, թե ինչու են այդպես վարվել և ինչ նպատակով, սակայն ոչ ոք ոտքի չկանգնեց և ոչինչ չխոստովանեց»,-նշեց Կիրակոսյանը:
Նրա խոսքով` վերջին օրերին կրճատումներ են եղել թատրոնում: «583 աշխատակցից կրճատվել է տասը վարչական մասի աշխատող` երեք փոխտնօրեն: Հեռանկարում սպասվում են ատեստացիաներ նաև գեղարվեստական մասում, ինչը կարող է կրկին հանգեցնել կրճատումների: Ընդգծեմ, որ կրճատումներն իրականացվում են թատրոնն առողջացնելու, այն ավելի լավը դարձնելու նպատակով»,-շեշտեց տեղակալը:
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտնակատար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ ինքն այդպես էլ չհասկացավ, թե ինչ կատարվեց: «Այսօր ժողով տեղի ունեցավ, որի ժամանակ դիմեցի նվագախմբի անդամներին հարցնելով՝ արդյոք չեն ամաչում հանդիսատեսի հետ նման կերպ վարվելու համար: Բոլորն ասում են, որ վատ են զգում իրենց, սակայն հստակ բացատրություն չկա: Կարծում եմ` այս հարցը պետք է նախարարը լուծի, իսկ ես հուսամ, որ նրանք կհասկանան, որ սա ճիշտ չէ»,-եզրափակեց Օրբելյանը:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 8-ի երեկոյան Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի 80 անդամները բեմ չեն բարձրացել: Օրեր առաջ թատրոնում կրճատումներ են իրականացվել: 583 աշխատակցից 10-ը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: Գուցե դա ինչ-որ կերպ կապ ունի տեղի ունեցած անախորժության հետ: