Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին, նշել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 6.5 տոկոս: «Ես կարծում եմ, որ սա բավականին լավ ցուցանիշ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա համար մենք թիրախավորել ենք 3.2 տոկոս ՀՆԱ-ի աճ և բազմիցս կրկնել ենք, որ 3.2 տոկոսն այն նվազագույն շեմն է, որին ձգտելու ենք հասնել»,- նշեց նա:
Նախարարը նաև հավելեց, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմքում դրված է 5 տոկոսանոց տնտեսական աճի նշաձողը, իսկ 3.2 տոկոս տնտեսական աճը իրենց նախընտրած ցուցանիշը չէ:
«Որպեսզի կարողանանք սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծել, պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնել: Կհաջողվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա», - ասաց նախարարը:
Վարդան Արամյանի խոսքով` հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 16 տոկոսից մի փոքր ավելի արտահանման ցուցանիշ, իսկ ներմուծման ցուցանիշը կազմել է 14 տոկոսից մի փոքր ավելի: Սա նշանակում է, որ արտահանման ցուցանիշը շարունակում է ավելի արագ աճել, քան ներմուծման ցուցանիշը: