Արցախի Հանրապետությունում շարունակվում է Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական 15 կուսակցություններ Հայաստանից և 6-ը՝ Արցախից:
Համաժողովի ընթացքում ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է․ «Հայկական քաղաքական կուսակցությունների ֆորումների անցկացումը Ստեփանակերտում դարձել է բարի ավանդույթ: Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար»։
Նա նշել է, որ ֆորումին մասնակցում են կուսակցություններ, որոնք տարբեր ծրագրեր, գաղափարախոսություններ, քաղաքական նպատակներ ունեն, հաճախ հանդես են գալիս որպես մրցակիցներ, ինչը նրա գնահատմամբ նորմալ է, բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը: Այս ամենի հետ մեկտեղ հայկական քաղաքական դաշտը ներկայացնող ուժերը, Բակո Սահակյանի դիտարկամամբ, հայ ժողովրդի համար ճակատագրական պահին կարողանում են միավորվել ու միասնական ուժերով պաշտպանել ժողովրդի, պետության շահերը:
ԱՀ Նախագահը նկատել է՝ քաղաքական ուժերը միասնաբար են հանդես գալիս հատկապես Արցախի ներկայի ու ապագայի հետ կապված հարցերում: