Առաջիկայում ԼՂ խնդրի լուծում չի լինելու, իսկ լայնածավալ պատերազմը շատ քիչ հավանական է: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Ստեփանակերտում «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ում իր խոսքում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով հանդես է եկել «Հայկական պետությունների անվտանգության հիմնահարցերը» թեմայով բանախոսությամբ:
«Մեր պետության համար ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների մոտեցումը, որը հրաժարվում է բանակցային գործընթացից եւ Ղարաբաղյան հարցն ուզում է լուծել ռազմական ճանապարհով. դա եղել է 1988 թվականից մինչ այսօր: Ես համոզված եմ, որ այսպիսի մոտեցումն այդ երկրի իշխանությունների մոտ դեռ երկար ժամանակ մնալու է, մինչեւ չստեղծվեն նախապայմաններ, որ Ադրբեջանը գնա բանակցային ճանապարհով»,- ասել է Վ. Հարությունյանը:
Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանը, սկսելով պատերազմ 2016թ-ի ապրիլի 2-ին, ապրիլի 4-ին դիմել է Ռուսատանին, որպեսզի հաստատվի զինադադար, որովհետեւ մեր պաշտպանական բանակի գործողությունների արդյունքում հասկացել է, որ մեր արժանի հակահարված է հասցվելու, եւ ինքը մեծ կորուստներ է ունենալու. եւ դա նրանց իշխանությունների մեջ մեծ խուճապ է առաջացել:
«Լայնածավալ պատերազմն այսօրվա ստեղծված պայմաններում շատ քիչ հավանական եմ համարում, որովհետեւ այն չի բխում համանախագահող պետությունների շահերից, բայց հիմնական երաշխիքը մեր բանակի մարտունակությունն է: Պետք է նշեմ, որ առաջիկայում Ղարաբաղյան հարցի լուծում չի լինելու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը: