ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համամիտ չէ Համաշխարհային բանկի վերջին զեկույցում հնչեցված դրույթների հետ, ըստ որոնց, Հայաստան-ԵՏՄ համագործակցությունը բավարար ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման վրա. «Հայաստան-ԵՏՄ տնտեսական համագործակցությունը, վստահաբար կարող եմ ասել, մեր տնտեսության վրա ունեցել է դրական ազդեցություն: Հագործակցությունը ԵՏՄ-ի հետ՝ մեզ տվեց մեծ արդյունք և տնտեսական վիճակի էֆեկտները կան և արդյունք են տալիս»:
Վաչե Գաբրիելյանը, խոսելով զեկույցում առանձնացված դրույթի հետ, թե Հայաստանում գործարարության զարգացմանը խոչընդոտում են մենաշնորհն ու կոռուպցիան, նշեց, որ մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել է նաև Կառավարությունը՝ ծրագրում հստակ ամրագրելով պայքարի մեխանիզմներ: «Գործարար միջավայրը բաղկացած է բազմաթիվ գործոններից և Կառավարությունը անում է քայլեր՝ բիզնես միջավայրի զարգացման համար»,-նշեց Վաչե Գաբրիելյանը:
Լրագրողների դիտարկմանը՝ Կառավարությանն օրերս ԵԼՔ դաշինքը մեղադրեց միայն ԵՏՄ անդամ երկրներ գործուղումներ կատարելու մեջ, ինչը վկայում է, որ ԵՄ հետ հարաբերություններն այնքան էլ ակտիվ փուլում չեն, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում. բոլոր տեղերում էլ գործուղումներ կան, ես անձամբ ճանապարհորդել եմ թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում, եվրոպական երկրներում և այդ բոլոր տեղերում խոսել ենք ֆինանսական փաթեթների մասին, որոնք պետք է ուղղվեն Հայաստան»: