ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն առաջարկում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղություն հաստատելու համար ներդնել նոր մեխանիզմ, այն է՝ օգտվել տիեզերքից ստացված տվյալներից եւ կանխարգելել հնարավոր խախտումները:
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ եթե շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրումը լոկ կֆիքսեր նախահարձակ կողմին արդեն խախտումն իրականացնելուց հետո, ապա տիեզերական խորազննման մեթոդը կօգնի կանխել ցանկացած փորձ:
«Հուլիսի 1-ն է, բայց մենք բոլորս ապրում ենք դեռ անցած տարվա ապրիլի 2-ից հետո ստեղծված այդ տագնապի մեջ, որովհետեւ բոլորն էլ ասում են, այս ընթացքում այդպես էլ չի փոխվել այն վիճակը, որը կոչվում է ժողովուրդների կամ տարածքների անվտանգություն: Մենք հասկանում ենք, որ չնայած բազմաթիվ հանդիպումներին՝ այսօր չկա որեւէ համաձայնություն Ադրբեջանի կողմից շփման գծում առաջարկված մեխանիզմների ներդրման հարցում, եւ այդ առումով մտել ենք փակուղի: Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն արել է հստակ ձեւակերպված մի առաջարկություն, որը նոր տեխնոլոգիա է ոչ միայն ռազմական, այլ հենց քաղաքական-դիվանագիտական առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ առաջարկությունը հնչեցվել է դեռեւս երկու ամիս առաջ բարձր ամբիոններից, սակայն այդքան էլ մեծ ուշադրության չի արժանացել փորձագիտական հանրության կողմից, այդ իսկ պատճառով այժմ նորից հնչեցնում են այն:
«Ինչու՞ է Ադրբեջանն իրավունք վերապահում հրաժարվել այս կամ այն գործելակերպով ֆիքսել հրադադարի խախտումը, որովհետեւ դա իր պետական իրավունքի ներքո է, նա է որոշում՝ թույլ տա, թե չտա այս կամ տեխնիկայի ներդրումը, իսկ այս առաջարկությունը թույլատրելի է միջազգային իրավունքով, եւ դա չի կարող արգելել ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը»-,-նշեց նա:
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ առաջարկությունն ուղղված է Հայաստանի իշխանություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ում եւ նրանք առաջարկում են փոխանցել տիեզերքից ստացված տվյալները:
Արման Նավասարդյանը եւս համակարծիք է, որ այս նոր մեխանիզմը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային իրադարձությունների վրա:
«Սա որևէ ծախս չպահանջող միջոց է, որի հիմնական նպատակն այն է, որ ինչ-որ կա, ինչ-որ կատարվում է, փոխանցվի այն երկրներին, որոնք հանդես են գալիս որպես խաղացողներ եւ որոնք վճռում են դեպքերի հետագա ճակատագիրը: Հիմնականում այն ուղղված է համանախագահներին, եւ եթե այն ազդեցություն ունենա և սկսի գործել, ապա շահագրգռված կլինեն ավելի մեծ խաղացողները. իհարկե, նրանցից երկուսն արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են: Ես կարծում եմ, որ ամենադժվարը միջազգային իրավունքի և դիվանագիտական ինստիտուցիոնալ աստիճանի հասցնելն է, քանի որ եթե հակառակորդները գետնի վրա չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, հարց է առաջանում՝ կընդունե՞ն այն, ինչ որ գալիս է տիեզերքի կողմից»,- շեշտեց Արման Նավասարդյանը:
Արման Նավասարդյանի համոզմամբ՝ խաղաղության համար շահագրգռված կողմի համար սրանից ավելի արդյունավետ գյուտ դժվար է գտնել:
«Այս ուղղությամբ պետք է լարված աշխատանք տանել, սակայն այն չի ավարտվի զուտ պաշտոնական դիվանագիտության եւ միջազգային իրավունքի օրենքերով, այստեղ պետք է այնպիսի ուժեր լծվեն, որոնք իսկապես կարող են ազդակ հանդիսանալ նման միջոցի իրագործման համար»,-եզրափակեց Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ դժվար է Ադրբեջանի նման երկրի հետ քաղաքակիրթ մեթոդներով հարցեր լուծել: