Ապրիլյան պատերազմը նաեւ երեխայի դեմք ունի. «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հանրության դատին հանձնեցին «Արցախ 2016. ապրիլի երկրորդ օրը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը: ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ պատրաստված ֆիլմը պատմում է ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որից անմասն չմնաց նաեւ Արցախի խաղաղ բնակչությունը, մասնավորապես` երեխաները, ովքեր ականատեսի աչքերով նկարագրում են` ինչպես ամեն ինչ սկսվեց, ինչպես հաղթահարեցին այդ օրերը, սակայն կորցրին ընկերոջը` Վաղարշակ Գրիգորյանին:
Նախօրոք տեղանքի զննման տվյալների հիման վրա Ադրբեջանը ծրագրել էր հարված հասցնել ԼՂՀ Մարտունու շրջանի Ներքին Ճարտարի միջնակարգ դպրոցին` նպատակ ունենալով սպանել դպրոցականներին, ովքեր առավոտյան հստակ նախատեսված ժամանակահատվածում պետք է շարվեին դպրոցի բակում եւ մասնակցեին ամենօրյա վարժանքին: Ընդամենը րոպեների տարբերությամբ երեխաները դուրս չեն եկել դպրոցից եւ հրաշքով չեն դարձել արկակոծման զոհ:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Ադրբեջանը ամենեւին էլ միտում չունի հրաժարվելու իր ցեղասպան քաղաքականությունից:
«Այսօր պետք է փաստենք մի բան, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքեր. այսօր ունենք այն, ինչ ունենք, եւ ավելի քան հարյուր տարի շարունակվող այդ ցեղասպանական գործողությունները արդեն իսկ դարձել են սովորական միջազգային հանրության համար: Ապրիլի 2-ից սկսած մինչեւ այսօր շարունակվող այս լայնածավալ հարձակումը վերջապես հետեւողական եւ արդյունավետ միջոցներով Հայաստանի կողմից պետք է հասցվի նախեւառաջ բոլոր պատշաճ ատյաններին, որպեսզի կարողանան հասկանալ, որ ադրբեջանական հանցագործ կլանի համար չկա տարբերություն, որ խաղաղ բնակիչ կամ երեխա է զոհվում»,- ասաց նա:
Մարինա Գրիգորյանը վստահեցրեց` Ադրբեջանի միակ նպատակը եղել է հնարավորինս շատ երեխաների սպանել, որպեսզի խուճապ առաջանա Արցախում, եւ մարդիկ լքեն իրենց հայրենիքը:
«Այս ամենն այնքան ակնհայտ է: Մենք որեւէ քարոզչական նպատակ չունենք, ֆիլմը ամբողջովին երեխաների եւ նրանց ծնողների վկայությունների եւ փաստերի վրա է հիմնված: Այս ֆիլմը մեկ անգամ եւս վկայում է, որ Ադրբեջանի ձեռագիրը, մեթոդներն ու քաղաքականությունը չեն փոխվում: Ադրբեջանը եւ անձամբ Ալիևը, անշուշտ, մի քանի նպատակ էին հետապնդում` այդ սադրանքներով ուշադրությունը շեղել սկանդալային հրապարակումներից, այդ թվում ԵԽԽՎ ներսում, ինչպես նաեւ հենց վերջերս բուլղարական մամուլում տեղ գտած բացահայտումներից, ըստ որոնց Ադրբեջանը շարունակական աջակցություն է ցուցաբերել այդ թվում իսլամական պետության ահաբեկիչներին»,-ասաց Մարինա Գրիգորյանը` հավելելով, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար պատրաստ է դիմել ամենադավադիր եւ ստոր մեթոդների` անգամ չխնայելով երեխաներին:
Նա նշեց, որ իր համար դեռեւս անհայտ են մնացել վերջին օրերին սահմանային լարվածության պատճառով զոհված ադրբեջանցի մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները:
«Պետք է անցկացվի անկախ եւ պրոֆեսիոնալ հետաքննություն, թե իրականում ինչ է կատարվել այդ գյուղում, ինչքանով են պատժիչ գործողությունները բերել այդ արդյունքին, թե պարզապես այլ բաներ են եղել»,-ընդգծեց նա:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը, ով վստահեցրեց, որ պետք է միջազգային հանրությանը նման արձանագրված փաստերի միջոցով տեղյակ պահել այն ամենի մասին, ինչ կատարվում է:
«Նախագիծը հասանելի է 5 լեզվով, եւ ցանկալի կլիներ, որ այն հասանելի լիներ նաեւ Ադրբեջանի հանրությանը, սակայն մենք գործ ունենք ամբողջովին տոտալիտար եւ փակ համակարգի հետ: Այնտեղ վերջին օրերին նույնիսկ արգելափակել են razm.info-ի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային ռադիոյի կայքերը, որպեսզի Ադրբեջանի հասարակությունն այլընտրանք չունենա եւ սնվի նրանց քարոզչական հիստերիայի նյութերով, որոնք պատրաստված են մեծ ցինիզմով, կեղծ են եւ նախօրոք ծրագրված»,-եզրափակեց Արման Սաղաթելյանը:
Սյուզի Մուրադյան