ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու բնակարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 1-ին՝ երեկոյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող բնակարաններից մեկ մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և բնակարանից գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր, երկու պլանշետ, ձեռքի երկու ժամացույց, դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Քննության ընթացքում պարզվել է, որ գողացված քարտով նույն օրը կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ գողացված քարտով կատարված գործարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է միջին տարիքի, ակնոցներով, գլխարկով մի տղամարդ փորձում բանկոմատից գործարք կատարել:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: