Գյումրիում Խաչատրյանների ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել: Լիլիթ Խաչատրյանը հուլիսի 21-ին լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ում: Նորածինը՝ Դավիթը, ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով՝ բնական եղանակով: Տանը փոքրիկ Դավիթին արդեն սպասում են 5 քույր եւ 5 եղբայր, ավագն աղջիկ է՝ 17 տարեկան: Ընտանիքի հայրն արհեստավոր է՝ բնակարանների վերանորոգմամբ ու կահույքագործությամբ է զբաղվում:
Խաչատրյաններին առաջինը շնորհավորելու համար Գյումրու ծննդատուն ՓԲԸ էր եկել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Սա ցույց է տալիս, որ երկրի նկատմամբ մարդիկ վստահություն ունեն: Եթե վստահություն չի լինում, փորձում են 1 կամ 2 երեխայով բավարարվել»,- նշեց մարզպետը՝ նշելով, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պատրաստ է ընդունելու կնոջը՝ լսելու ընտանիքի խնդիրները: «Սա աշխատանքային շաբաթվա ամենահաճելի ավարտն է ու իրավ ամենաուրախ լուրն է: Ժողովրդագրական վիճակը բավական ցածր է, մարդիկ թե՛ ժամանակի թելադրանքով, և թե՛ սոցիալական խնդիրներով պայմանավորված ձեռնպահ են մնում շատ երեխաներ ունենալուց ու նման դեպքերը բացառություն են, բայց Աստված տա այս դեպքերը դառնան օրինաչափություն»,-լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Արթուր Խաչատրյանը:
Մայրն «Արմենպրես»-ի հետ զրույցում խնդիրներից չդժգոհեց՝ ասելով ամեն մի երեխա իր «ղսմաթն» ունի: Բնակվում են քարով սարքած տնակում՝ 4 սենյակ, թեև ժամանակին կառավարությունը բնակարան տվել է, բայց 13 անդամ ունեցող ընտանիքն ամբողջ կազմով չի կարող բնակվել 3 սենյականոց բնակարանում: «Խորհուրդ կտամ բոլոր մայրերին շատ երեխաներ ունենալ: Ճիշտ է դժվարություններ կան, բայց ամեն դժվարություն պետք է հաղթահարել»,-նշեց մայրը:
Արմենուհի Մխոյան