Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ. Սևակի փողոցում գտնվող «Զեյթուն» շուկան փակվել է: Արդեն կես տարի է՝ շուկայի տարածքը վերածվել է շինհրապարակի. ապամոնտաժվել են շուկայում գտնվող ենթակառուցվածքները:

Մեր գրավոր հարցմանը՝ թե ի՞նչ  է կատարվում արդեն նախկին շուկայի տարածքում և արդյո՞ք այնտեղ նախատեսվում է որևէ նոր բան կառուցել, Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պ. Սևակի հ.51/2 հասցեում նախկին շուկայի շենքի զբաղեցրած տարածքի սեփականատերը «ՋՍՖ» ՍՊ ընկերությունն է, որը շուկայի տեղում կառուցելու է նոր բազմաֆունկցիոնալ համալիր. ««ՋՍՖ» ՍՊ ընկերությունը շուկայի շենքի քանդման և տեղում բազմաֆունկցիոնալ երեք մասնաշենքից բաղկացած բնակելի համալիր կառուցելու նպատակով ստացել է նախագծման թույլտվություն: Կառուցապատման տարածքում ինժեներաերկրաբանական հետազոտություններ իրականացնելու նպատակով համաձայնեցվել է քանդման նախագիծը և կառուցապատողին տրվել քանդման թույլտվությունը, որի հիման վրա էլ տարածքում իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,-ասված է քաղաքապետարանից մեզ ուղարկված պատասխանում:

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ վերոնշյալ քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ շինարարական աշխատանքներն, ըստ նախնական հաշվարկների, կարող են տևել մինչև 4 տարի:

Հիշեցնենք, որ այս օրերին քանդվեց նաև հայտնի Ֆիրդուսի շուկան: Կառուցապատող ընկերությունն այստեղ ևս կառուցելու է նոր բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր՝ հյուրանոց, առևտրային կենտրոն և այլն:

Հ.Գ/ Ստացվում է՝ քաղաքային շուկաներում առևտրով զբաղվողներն իրար հետևից զրկվում են հացի փող աշխատելու իրենց իրավունքից և հնարավորությունից:

Քաղաքացուց խլում են իր միակ աշխատատեղը՝ փոխարենը Երևանը լցնելով այսպես ասած էլիտար բազմաբնակարան շենքերով, որոնք այդպես  մնում են դատարկ կամ լավագույն դեպքում՝ կիսադատարկ:

Սոնա Հարությունյան