Հեպատիտ C-ով հիվանդների 70 տոկոսն այսօր Հայաստանում ստանում է ժամանակակից բուժում՝ շնորհիվ վրաց բարեկամների տրամադրած «Սովալդի» դեղամիջոցի: Բուժումն իրականացվում է հեպատիտ C-ի համատարած բուժման ծրագրի շրջանակում, որն ավարտին կհասցվի 2017-ի հոկտեմբերի վերջին: Ամբողջ ծրագիրը գնահատվում է մոտ 110 մլն դոլար, որից մոտավորապես 85 մլն-ի դեղորայքը տրամադրել է Վրաստանը: Հուլիսի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:


«Այսօր մենք հեպատիտների առումով ունենք բավականին դրական ցուցանիշ: Դա նաև հայ և վրացի ժողովուրդների միջև ընկերակցության շնորհիվ է: Այս տարվա այցի ընթացքում հնարավոր դարձավ 1000 հիվանդի բուժման դեղորայք ստանալ վրացի բարեկամներից անվճար կերպով: Այդ օրվանից իրականացնում ենք հեպատիտ C-ի համատարած բուժման ծրագիրը: Եվ 70 տոկոսն այն հիվանդների, որոնք կարող են բուժվել ժամանակակից մեթոդներով, ստանում են այդ բուժումը: Ծրագիրը մեկնարկել ենք 2017-ի մայիսից, ավարտը կլինի հոկտեմբերի վերջին: Արդյունքում՝ մոտ 2500 գրանցված հիվանդներից 1000-ի ամբողջական առողջացման արդյունք կունենանք»,-ասաց Լևոն Ալթունյանը:
Նախարարի խոսքով՝ այն ունիկալ բուժում է, քանի որ հակառակ մնացած մեթոդների՝ դրա արդյունքում՝ ստանում ենք 100 տոկոս առողջացում: «Հույս ունեմ, որ մեր ապագա գործունեությունը հնարավորություն կտա նաև այլ հիվանդությունների համար այսպիսի դրական զեկույց ներկայացնել հանրությանը»,-նշեց Ալթունյանը:


Նախարարն ասաց, որ հեպատիտը ներկայիս առողջապահական չարիքներից մեկն է: Այն մեծ վնաս է թե՛ առողջությանը, թե՛ տնտեսությանը: «Հուլիսի 28-ը ԱՀԿ-ի կողմից պատահական չէ ընտրված, որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր: Հենց այդ օրն է ծնվել այն մարդը, ում մոտ առաջին անգամ հայտնաբերվել է հեպատիտ Բ»,-եզրափակեց Լևոն Ալթունյանը: