Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ – խմբ.) պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթին: Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:
Այս արգելքը հետագայում կդառնա քաղաքական եւ հասարակական կյանքի էթիկայի մասին օրենքի հոդվածներից մեկը, որն այժմ քննարկվում է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից: Հուլիսի 26-ին խորհրդարանի ստորին պալատի կողմից համանման արգելք է հավանության արժանացել նախարարների ազգականներին կառավարական կառույցներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ:
Քաղաքական կյանքի էթիկայի մյասին օրենքի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է նախընտրական արշավի ժամանակ: Դրա պատճառը «Պենելոպագեյտ» սկանդալն է: Այն բորբոքվել է այն բանից հետո, երբ Le Canard Enchaine թերթը տեղեկություններ է հրապարակել այն մասին, որ «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, երկար ժամանակ նրա օգնական է նշանակված եղել Ազգային ժողովում:
Պենելոպան ստացել է մեծ աշխատավարձ՝ չկատարելով որեւէ աշխատանք եւ չհայտնվելով Ազգային ժողովում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆիյոնը նաեւ որպես խորհրդատուներ ֆիկտիվ աշխատանքի է ձեւակերպել իր երկու չափահաս երեխաներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: