Մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Հրազդանի կիրճում, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Մասնավորապես, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող հատվածը մաքրվել ու պատշաճ տեսքի է բերվել Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցների ուժերով:

Կիրճի տարբեր հատվածների դժվարամատչելի տեղանքները մաքրել են ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողները: Հրազդանի կիրճում աշխատանքներ են ծավալել նաև մայրաքաղաքը մաքրելու կոչին արձագանքած ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները:

Շաբաթօրյակի մասնակիցներին նախապես բաժանվել են գործիքներ ու մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ: