2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրով Կառավարությունը նպատակ ունի անվանական նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25%-ով` հասցնելով այն մինչեւ 69 հազար դրամի, միեւնույն ժամանակ՝ աղքատության մակարդակն այսօրվա 29,8%-ից իջեցնել մինչեւ 18%: Որքանո՞վ են իրատեսական եւ իրագործելի այս նպատակները, երբ 2013թ. օրենսդրական փոփոխությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման քաղաքականությունը կարճ ժամանակ անց ձախողվեց՝ պատճառաբանվելով երկրում առկա սոցիալ-տնտեսական եւ ռազմաքաղաքական իրավիճակով:
Իսկ որքա՞ն են վճարվում պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձինք: Որքա՞ն են կազմում ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի աշխատավարձերը: Այս հարցը կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որով էլ պետական ոլորտում կարգավորվում է վարձատրության համակարգը: Պետական պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է՝ պետական բյուջեով սահմանվող բազային աշխատավարձը բազմապատկելով համապատասխան գործակցով: Սա նշանակում է, որ եթե հիշյալ 66.140-ը բազմապատկենք օրենքով սահմանված գործակցով, ապա պարզ կդառնա պետական բարձրաստիճան պաշտոնյայի հիմնական աշխատավարձը: Բայց օրենքն ասում է նաև, որ պետական պաշտոնյան նաև լրացուցիչ աշխատավարձ և պարգևատրումներ է ստանում։ Քանի որ չենք կարող որոշել և հաշվել, թե իրենց ամսական որքանով են պարգևատրում կամ լրացուցիչ աշխատավարձ գրում բարձրաստիճան պաշտոնյաները, ուրեմն պետք է հաշվենք միայն հիմնական աշխատավարձը: 2017 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66.140.0 դրամ: Ըստ այս հաշվարկի՝ ամենաբարձր աշխատավարձը ստանում է ՀՀ նախագահը` 1. 322.8 դրամ (ներառյալ հարկերը), ԱԺ նախագահը՝ 1.190.52 դրամ, ՀՀ վարչապետը՝ 1.190.524 դրամ, ՀՀ ՍԴ նախագահ՝ 1.058.24 դրամ, ՀՀ ԱԱԽՔ՝ 1.025.17 դրամ, Նախարարները ամսական ստանում են 792 հազար դրամ: Պատգամավորների աշխատավարձը կազմում է 660.000 դրամ: Այսինքն, խորհրդարան պահելը ՀՀ քաղաքացիներին կարժենա 833.364.000 դրամ գումար: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրացել է 203%-ով` 436 հազարից դառնալով 1,223 մլն դրամ, վարչապետի աշխատավարձը` 218%-ով, այսինքն` 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ: Նախարարների աշխատավարձը բարձրացել է 139%-ով` կազմելով 600 հազար դրամ: Այն պարագայում, երբ 2017 թ. առաջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 56.919 դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը` 55000 դրամ՝ անփոփոխ է մնացել 2015թ. հուլիսից։ Այս պարագայում` «ամրապնդել», «մշակել», «բարելավել», «լավացնել» եւ այլն, ընդամենը ոչինչ չասող բայեր են, քանի դեռ պետական համակարգը մտահոգված է միայն իր սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու հարցում:
Ստելլա Խաչատրյան