Ամռանը, շոգ եղանակով պայմանավորված' հրդեհների թիվն ավելանում է: Ինչպես նշեց ՀՀ ԱԻՆ հրդեհների հաշվառման, վերլուծության և հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, ամեն տարի սովորաբար ամռանը հրդեհների թիվն ավելանում է: Եթե օրինակ ապրիլին գրանցվում է 100 հրդեհ, ապա ամռան ամսիներին՝ 3 անգամ ավելի:

 


«Այդ ակտիվությունն այս ամռանն էլ կա, ավելին ասեմ, միտում կա ավելանալու: Վերջին օրերին շոգ եղանակը երկար ժամանակ է պահպանվում: Եթե տարիներ էր լինում, երբ շոգն ընդմիջումներով էր, ապա հիմա կայուն ձևով պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Այսօր հրդեհավտանք իրավիճակ է, խոտածածկ տարածքները բավական չորացած վիճակում են և մի կայծը բավական է, որ հրդեհներ առաջանան իրենց ծանր հետևանքներով»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ խոտածածկ տարածքներում, անտառային հատվածներում հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Եվ դա ոչ միայն մեր երկրում է: Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ, բարեբախտաբար, կարողացել են խուսափել խոշոր անտառային հրդեհներից, բայց դա չի նշանակում , որ պետք է զգոնությունը թուլացնել:

 


«Մարդիկ այս ամիսներին ձգտում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում, անտառաշերտ տարածքներում վառում են խարույկներ, նետում են լուցկի, չհանգցրած ծխախոտ: Դրանք էլ հրդեհի պատճառ կարող են լինել: Մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելը միայն հրշեջների գործը չէ: Եթե կարգապահություն չդրսևորեն հրդեհային անվտանգության հարցերում, ապա կունենանք աղետալի հրդեհներ»,-ասաց Սերգեյ Հայրապետյանը:

 


Նա նշեց, որ շատերը բնության գրկում հանգիստը կազմակերպելուց հետո աղբը չեն հավաքում, նետում են ապակյա առարկաներ, շշեր, իսկ դրանք կատարում են ոսպնյակի դեր, արևի ճառագայթները ֆոկուսացվում են և կայծ է առաջանում: Հետևաբար, անտառածածկ տարածքներում արգելվում է խարույկ վառելը: ԱԻՆ-ը հորդորում է լինել ուշադիր և հետևել հրդեհային անվտանգության կանոններին: