Օգոստոսի 9-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխաիլ Օլարուն (Մոլդովա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: