Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանսֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի: Մասնագետները այս հարցում միակարծիք են՝ Հայաստան համահայկական հիմնադրամը պետք է վերափոխվի, այդ կառույցը խոր ճգնաժամի մեջ է, հավաքում է տարեկան 10-15 մլն դոլար ու վերջ: Հայությունն այսօր աշխարհում տնօրինում է 800 մլրդ դոլար կապիտալ, որը կազմում է աշխարհի կապիտալի 0.7-0.8%-ը: Մինչդեռ համայն հայությունը կազմում է աշխարհի բնակչության 0.015%-ը: Եվ այդ 800 մլրդ-ից կարողանում ենք ներգրավել տարեկան 10-15 մլն:

«Համահայկական բանկը» դարձել է Հայաստանի բանկային համակարգի մասնակիցներից մեկը՝ իր փոքր կապիտալով եւ թույլ ֆինանսական հնարավորություններով։ Ավելին՝ այսպես շարունակվելու դեպքում արդեն հաջորդ տարի բանկը այլեւս հնարավոր է՝ գումար չունենա նույնիսկ վարկավորում իրականացնելու համար։ «Համահայկական բանկի» կապիտալը ստեղծումից հետո մինչեւ այժմ չի հաջողվել համալրել նոր ֆինանսական միջոցներով։ Այն մինչ օրս աշխատում է պետության կողմից ժամանակին հատկացված 20 մլն դոլարով։Գործունեության ընթացքում բանկը կնքել է 23 վարկային պայմանագիր, որից վեցը ինչ-ինչ պատճառով վաղաժամկետ լուծարվել է։ Այսօր բանկն ունի գործող ընդամենը 17 վարկ։

Այդ վարկային պայմանագրերի շրջանակներում տեղաբաշխված ընդհանուր գումարը կազմում է հազիվ 4,7 մլրդ դրամ, ինչը վկայում է, որ այսպիսի վարկային պորտֆելով «Համահայկական բանկը», ակնհայտորեն, չի կարող իրագործել այն վեհ ու բարի գաղափարները, որոնք կապվում էին ֆինանսական այս կառույցի հետ: ԿԲ-ն այսօր փաստացի փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ Էության, անիմաստ բեռ է։ Ի տարբերություն նախնական գաղափարների, գոյության տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։

Փոխարենն, ըստ էության, չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում է աստղաբաշխական աշխատավարձ: Այս բանկը ստեղծվել է հասարակության փողերով, ուրեմն հասարակությունը իրավունք ուներ մինչև բանկի ստեղծումը (ինչ վերամբարձ անունով էլ այն հորջորջվի) պարզորոշ իմանալու, թե հանրային նշանակության ի՞նչ ծրագրերի իրականացման նպատակով է այն ստեղծվում:

Մինչդեռ, բանկի անվանումը մենք լսել ենք միայն հիմնադրման օրը և այսօր, երբ ԿԲ և Կառվարությունը փաստացի ընդունեցին այս կառույցի անիմաստությունը և ոչ էֆեկտիվ լինելը:

 

Ստելլա Խաչատրյան