ՀՀ Փաստաբանների պալատի Վայոց Ձորի մարզի հանրային պաշտպան, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Փափազ Ավագյանը դիմել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ օգոստոսի 12-ին, առավոտյան, իր նկատմամբ հարձակում է տեղի ունեցել։
Դեպքը տեղի է ունեցել Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում՝ ճանապարհային վազանց կատարելու և ձայնային ազդանշան տալու համար միմյանց միջև ծագած վիճաբանության ժամանակ, երբ 2 Mercedes-ների վարորդներ հարձակվել են փաստաբան Փ. Ավագյանի վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով էլ փաստաբանը մարմնի տարբեր մասերում ստացել է վնասվածքներ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Եղեգնաձորի ոստիկանություն են հրավիրել Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Թաթուլ Թառոյանին, 19-ամյա Դավիթ Թառոյանին, 41-ամյա Լիդա Ավագյանին, 31-ամյա Արտակ Առաքելյանին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Վոլոդյա Նիկողոսյանին և Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 31-ամյա Դավիթ Մարտիրոսյանին։
Վերջիններս կասկածվում են ծեծկռտուքին մասնակցելու մեջ, իսկ Թ. Թառոյանը հայտնել է, որ Փ. Ավագյանին ինքն է ծեծի ենթարկել։
Հայտնաբերվել են նաև Թ. Թառոյանի վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի և Վ. Նիկողոսյանին պատկանող Mercedes մակնիշի 90 AP 090 համարանիշի ավտոմեքենաները։
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։