«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար հրշեջներին միացել է Արարատի մարզի ավելի քան 600 բնակիչ:
Բացի հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների և ոստիկանության աշխատակիցներից, ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ այս պահին դեպքի վայրում են գտնվում մարզի բոլոր համայնքների ղեկավարները:
Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանն ասաց, որ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է քամին: «Այս պահին քամին ուժեղացել է, եւ կրակի տարածման հետ կապված խնդիրներ են առաջացել: Մենք աշխատուժի խնդիր չունենք, բոլորը պատրաստ սպասում են համապատասխան հրահանգի: Հիմնականում հատուկ տեխնիկայի խնդիր կա, որի հայթայթման հետ կապված հարցերով էլ զբաղվում է ԱԻՆ-ը: Մարդկային օգնությունն անզոր է այս պահին»,-ասաց նա:
Աշոտ Վարդանյանի խոսքով՝ նախնական վնասների մասին դեռ տեղեկություններ չկան, այդ հարցերով զբաղվում է բնապահպանության նախարարությունը:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: «Զիմա» տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել: