Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը կրկին անդրադարձել է Թուրքիայում ձերբակալված Die Welt պարբերականի գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հարցին:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Խոսելով Դենիզ Յուջելի ձերբակալության մասին՝ Զիգմար Գաբրիելը նրան որակել է որպես «Թուրքիայի պատանդ»:
«Թուրքիային ստիպելու համար, որպեսզի Դենիզ Յուջելին ազատ արձակի, Գերմանիան ունի միայն դիվանագիտական և տնտեսական մեխանիզմներ, ի վերջո մենք չենք կարող ներխուժել Թուրքիա»,- ասել է Զիգմար Գաբրիելը:
Խոսելով Էրդողանի մասին՝ գերմանացի նախարարը նշել է, որ իրենք շատ երկար ժամանակ է, ինչ փորձում են Էրդողանի նկատմամբ տրամաբանական մոտեցում ցուցաբերել:
«Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք փորձում ենք Էրդողանի նկատմամբ տրամաբանական մոտեցում ցուցաբերել, բայց հասկացել ենք, որ երբեմն ավելի լավ է նրան և իր ասածները հաշվի չառնել»,- նշել է նախարարը:
Թուրք-գերմանական հարաբերությունները լարվել են 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Գերմանիան հրաժարվեց Թուրքիային հանձնել գերմանաբնակ գյուլենական շարժման ներկայացուցիչներին, որոնց պաշտոնական Անկարան հռչակել է որպես հեղաշրջման փորձի կազմակերպիչներ:
Գերմանիայից մերժում ստանալով՝ Թուրքիան արգելել է գերմանացի խորհրդարանականների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա:
Ի պատասխան Թուրքիայի այս քայլի՝ Գերմանիան արգելեց այդ երկրի իշխող ԱԶԿ կուսակցության նախարարներին սահմանադրական հանրաքվեի շուրջ քարոզչություն իրականացնել գերմանաբնակ թուրքերի շրջանում:
Էրդողանը Գերմանիային հասցեին սկսեց կիրառել «նացիստական» տերմինը, իսկ գերմանացի լրագրողներին և մարդու իրավունքի պաշտպաններին ձերբակալել տվեց որպես ահաբեկիչների ու լրտեսների, ինչն ավելի լարեց հարաբերությունները:
Վերջին շրջանում Գերմանիան որոշակիորեն խստացրեց Թուրքիայի հետ տարվող տնտեսական համագործակցությունը:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:
Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը: