2018թ.-ին ԵՏՄ անդամ երկրները ստորագրելու են աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագիր: Այն բանից հետո, երբ պայմանագիրն ուժի մեջ կմտնի, ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են աշխատել միության ցանկացած երկրում՝ առանց աշխատանքային ստաժը կամ կենսաթոշակն այդ ժամանակահատվածում կորցնելու: Առաջին հայացքից՝ սա դրական որոշում է թվում, սակայն Հայաստանի պարագայում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք մինչ օրս պատասխան չեն ստացել:
Մասնավորապես, խնդիր է այն, որ ԵՏՄ անդամ հինգ երկրներում կենսաթոշակի մակարդակի տարբերություններ կան, տարիքային տարբերություններ և այլ անհամապատասխանություններ: Դեռևս հայտնի չէ, թե այս տարբերություններն ինչպես են մինիմումի հասցվելու: Ոչ պակաս կարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ մեր երկրում կենսաթոշակային հիմնադրամները կառավարող «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն արևմտյան հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ են, այլ ոչ թե ռուսական, կամ ԵՏՄ անդամ մյուս պետությունների: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ մեր երկիրն արդեն երկու տարի է՝ ներդրել է կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչդեռ ԵՏՄ մյուս չորս երկրներում այդ համակարգը չկա: ՌԴ-ն տարիներ առաջ փորձում էր ներդնել այդ համակարգը, բայց հետո հետաձգեց, մյուս երեք պետությունները կարծես նման անցում կատարելու ցանկություն էլ չունեն: Այս պարագայում խնդիրներ են առաջանալու աշխատավարձից կուտակային կենսաթոշակային հիմնադրամի համար գումար պահելու ժամանակ. հստակ չէ մեխանիզմը, թե ինչպես է դա իրականացվելու: Եվ այս ամենը հաշվի առնելով, հարց է առաջանում՝ ընդունվելիք որոշումները կնպաստե՞ն ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների սոցիալական պաշտպանության մակարդակի աճին, թե՞ նոր խնդիրներ կառաջացնեն առանց այդ էլ ԵՏՄ օրենսդրության մեջ խճճված մեր քաղաքացիների համար:
Ստելլա Խաչատրյան